Լուռ կյանքեր. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Այս Ուրախությունը կարող է լինել ոչ միայն իբրև վարձատրություն՝ ծառայության մեջ ցույց տված արդյունքի, այլ նաև՝ իբրև փոխհատուցում՝ համբերությամբ ու արիությամբ կրած տառապանքի

Հիսուս

Նոյեմբերի 12

Ապրես, բարի ու հավատարիմ ծառա, որովհետև այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ, մտիր քո Տիրոջ ուրախության մեջ:

Այս բառերը մեղմորեն ասվել են ավելի շատ նրանց ականջներին, ովքեր անտեսված են աշխարհի կողմից: Մեծամեծ մարդկանց կամ աշխարհային հռչակ վայելողներին չէ, որ ասվել են այս խոսքերը, այլ լուռ ու անձայն ու հավատարմորեն Ինձ հետևող այն հոգիներին, որոնք արիաբար իրենց խաչն են կրում՝ ժպտուն դեմքով նայելով աշխարհին: Այս խոնարհ կյանքերի համար շնորհակալ եղեք Ինձնից:

Վերում ասվածը վերաբերում է Հոգևոր Կյանքով ապրողներին: Երբ մեկը հավատարմորեն կատարում է իր պարտականությունները, նշանակում է՝ նա պետք է մտնի Իմ Ուրախության՝ Իր Տիրոջ Կյանքի Ուրախության մեջ: Աշխարհը կարող է բոլորովին չտեսնել Իմ Վարձատրությունը, որովհետև Իմ Տվածը երկրային փառք, երկրային հարստություն, երկրային հաճույքներ չեն, այլ՝ Աստվածային Ուրախություն:

Այստեղ լինի, թե այնտեղ, լինի այս աշխարհի, թե հոգևոր աշխարհի մեջ՝ այս է Իմ Վարձատրությունը՝ Ուրախություն: Այն Ուրախությունը, որ անգամ ցավի, աղքատության ու տառապանքի մեջ կրում է հոգու հիասքանչ խայտանքը: Այն Ուրախությունը, որ Ես Ասացի, որ ոչ ոք չի կարող խլել ձեզանից: Աշխարհի մեջ չկա մի որևէ հաճույք, մի որևէ վարձատրություն, որ պարգևի մարդուն այդ Ուրախությունը: Այդ ծանոթ է սոսկ Իմ Սիրելիներին և Իմ Բարեկամներին:

Այս Ուրախությունը կարող է լինել ոչ միայն իբրև վարձատրություն՝ ծառայության մեջ ցույց տված արդյունքի, այլ նաև՝ իբրև փոխհատուցում՝ համբերությամբ ու արիությամբ կրած տառապանքի:

Ի սեր Ինձ և Ինձ հետ կրած տառապանքն անկասկած կբերի այս Ուրախությունը, ինչպես բերում է Ինձ հետ ունեցած ձեր ամեն մի իրական շփումը: Ուրեմն ապրեք Ինձ հետ այդ Ուրախության Թագավորության սահմաններում. Իմ Թագավորության մեջ, որի դռանը կարող է ծառայություն լինել կամ կարող է լինել տառապանք: