Հարցը լուծվելու է միմիայն վարչապետի և այս ռեժիմի հեռացումով. Վահան Բաբայան

Եթե նախարարը հեռանա, սա կլինի Նիկոլ Փաշինյանի առաջին պարտությունը

«Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանն անդրադառնալով օրեր առաջ ուսանողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնած այն մտքին, թե Արայիկ Հարությունյանը որոշումներ միայնակ չի ընդունում, դա անում է Կառավարությունը, վստահեցնում է՝ միայն մեկ նախարարի հրաժարականով խնդիր չի լուծվելու, հայտնում է 168.am-ը:

«Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա, դրա մասին երկրորդ կարծիք չի կարող լինել, բայց ոչ Արայիկ Հարությունյանի, ոչ էլ մեկ այլ նախարարի հրաժարականով հարց չի լուծվելու, հարցը լուծվելու է միմիայն վարչապետի և այս ռեժիմի հեռացումով: Վարչապետն ինքն ասաց ցուցարարներին՝ ինչո՞ւ եք նախարարի հրաժարականը պահանջում, չէ՞ որ ծրագրային քաղաքականությունը որոշում է Կառավարությունը»:

Վահան Բաբայանի համար զարմանալի է, որ անգամ վարչապետի այս արտահայտությունից հետո ուսանողների պահանջը չի փոխվել:

«Եթե նախարարը հեռանա, սա կլինի Նիկոլ Փաշինյանի առաջին պարտությունը: Իր սուպերնախարարի կորստով նա ստիպված կլինի նահանջ կատարել, իսկ այն կլինի շատ ավելի լուրջ, քան որևէ մեկը պատկերացնում է»:

Ըստ Վահան Բաբայանի՝ Նիկոլ Փաշինյանն ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտնվել էր մի միջավայրում, որտեղ ինքը «հերոս» չէր, և նման վիճակներում այսուհետ վարչապետը շատ է հայտնվելու: