«Պատրաստ եմ սկսել երկխոսություն Ադրբեջանի ժողովրդի հետ ուղիղ կերպով». Փաշինյան

Ես այդ հայտարարությունն արել եմ՝ հույս ունենալով, որ նմանատիպ հայտարարություն կլինի նաև Ադրբեջանի իշխանության և իմ գործընկեր Իլհամ Ալիևի կողմից. ՀՀ վարչապետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին, որին ներկա են նաև մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ:

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Փարիզի Խաղաղության համաժողովի վարպետաց դասին: նա իր ելույթը սկսեց Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգության միջավայրի մասին իր դիտարկումներով՝ նշելով, որ տարօրինակ փաստ է, որ Հայաստանի չորս սահմաններից երկուսը փակ են, մյուս երկուսը՝ կիսափակ:

«Ինչու կիսափակ, քանի որ Հարավից մենք ունենք ընդհանուր սահման Իրանի հետ, և Դուք գիտեք, որ Իրանի շուրջ ներկայումս գոյություն ունի լարված իրավիճակ, և մեր հյուսիսային սահմանը Վրաստանի հետ, Վրաստանի և Ռուսաստանի լարված հարաբերություններն ազդում են մեր հյուսիսային սահմանի շուրջ անվտանգության միջավայրի վրա: Բայց, իհարկե, ամենակարևոր անվտանգային մարտահրավերը մեզ համար ԼՂ հակամարտությունն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս ասաց, որ դառնալով ՀՀ վարչապետ, ներգրավվելով միջազգային  հարաբերություններում՝ զարմացել է, որ միջազգային հանրության շրջանում բազում անորոշություններ կան ԼՂ հարցի հետ կապված:

Իր ելույթի ընթացքում ՀՀ վարչապետը համառոտ ներկայացրեց ԼՂ հակամարտության պատմությունը, ապա խոսեց բանակցություններից, բանակցային կողմերից, այն հանգամանքից, որ ԼՂ-ն ներգրավված է եղել ԼՂ հակամարտության կարգավորման վաղ բանակցություններում՝ որպես կողմ:

Փաշինյանն ասաց նաև, որ հանդիպումներ են տեղի ունեցել ԼՂ-ի և Ադրբեջանի  նախագահների, ինչպես նաև պաշտպանության նախարարների միջև:

ՀՀ վարչապետը նշեց, որ հակամարտության չկարգավորվածության պատճառներից մեկն այն է, որ ԼՂ-ն 1998 թվականին դուրս է դրվել բանակցային գործընթացից, և դրա արդյունքում Ադրբեջանը մերժում է ուղիղ բանակցել ԼՂ-ի հետ և Ադրբեջանը մերժում է նույնիսկ երկխոսել ԼՂ-ի հետ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը ցանկանում է միայն տարածքներ՝ առանց մարդկանց, և դա գլխավոր խնդիրներից մեկն է: Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար:

«Ինձ քննադատեցին, քանի որ ես առաջին ղեկավարն եմ, որը  հայտարարում է, թե լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար: Մեր երկրում ընդդիմությունը հարցնում է՝ ինչո՞ւ ՀՀ ղեկավարը պետք է մտածի Ադրբեջանի ժողովրդի շահերի մասին, բայց իմ պատասխանն ուղիղ ու անկեղծ է, քանի որ ես հավատում եմ, որ, եթե մենք ցանկանում ենք ունենալ կայուն կարգավորում, պետք է դիտարկենք բոլոր կողմերի շահերը: Ես այդ հայտարարությունն արել եմ՝ հույս ունենալով, որ նմանատիպ հայտարարություն կլինի նաև Ադրբեջանի իշխանության և իմ գործընկեր Իլհամ Ալիևի կողմից»,- ասաց Փաշինյանը՝ շարունակելով, որ ցանկանում է այս շատ կարևոր հարթակից կոչ անել Ադրբեջանի նախագահին՝ անել նման հայտարարություն:

«Ներկայումս ես խոսում եմ Ադրբեջանի նախագահի անունից, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, ԼՂ և ՀՀ ժողովուրդների համար: Իհարկե, դա հեշտ խնդիր չէ լուծելը, բայց քանի որ մենք ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովրդի ապագայի համար, նշանակում է՝ մեր տարածաշրջանի ապագայի համար, դա նշանակում է՝ մեր աշխարհի ապագայի համար: Մենք պետք է իրական ջանքեր ներդնենք լուրջ փոփոխության համար»,- ասաց Փաշինյանը

Ն. Փաշինյանին հարց ուղղեց դահլիճում ներկա ադրբեջանցի լրագրողներից մեկը, ով ՀՀ վարչապետին, որպես Ադրբեջանից նվեր՝ հանձնեց իր գրիչը՝ նշումներ կատարելու համար, հիշատակելով ՄԱԿ-ի չորս բանաձևերը, ադրբեջանական կողմի ինքնավարության տրամադրման մասին խոստումները:

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ ԼՂ-ն արդեն ունեցել է ինքնավարություն, և այդ կարգավիճակը մեզ բոլորիս բերեց այս հակամարտությանը, այս արյունալի հակամարտությանը, ուստի կրկնել և ընդունել ևս մեկ անգամ նույն  կարգավիճակը, նշանակում է՝ սկսել զրոյից:

«Իմ ակնկալիքն է՝ գտնել լուծում՝ ընդունելի Հայաստանի ժողովրդի, ԼՂ ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ալիևին անձնապես խնդրել եմ նմանատիպ հայտարարություն անել փոքր ճեղքման համար բանակցային գործընթացում: Բայց, ցավոք սրտի, Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Զանգեզուրը, Սյունիքի մարզն  Ադրբեջանի մաս է, Երևանը՝ ՀՀ-ի մայրաքաղաքը, ադրբեջանական քաղաք է, Սևանա լիճն ադրբեջանական է, և նրանք շարունակում են այդ վերաբերմունքը՝ օկուպացնել ոչ միայն ԼՂ-ն, այլև Սյունիքի մարզը, Երևանը: Իսկ մենք նման հայտարարություն ենք անում ոչ թե՝ որովհետև վախենում ենք, որևէ մեկը չի կարող մեզ հետ խոսել ուժի դիրքերից, և մեր առաջարկը խաղաղությունն է, մենք ցանկանում ենք պատրաստել մեր ժողովրդին, ԼՂ-ի ժողովրդին և Ադրբեջանի ժողովրդին խաղաղության: Մենք առաջարկում ենք մեր խաղաղ մտադրություններն Ադրբեջանի ժողովրդին: Անձնապես ես պատրաստ եմ սկսել երկխոսություն ոչ միայն Ադրբեջանի իշխանության հետ, այլև ժողովրդի հետ ուղիղ կերպով, քանի որ կարծում եմ՝ շատ բաներ ունենք քննարկելու»,- ասաց Փաշինյանը: