«Սա թող լինի Ձեզ նվեր Ադրբեջանից». ադրբեջանցին՝ Փաշինյանին

Փաշինյանն էլ այդ պահին սիրով ընդունեց նվերը

 

Այսօր Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովից հետո հետաքրքիր երկխոսություն և հարցուպատասխան ծավալվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ադրբեջանցի մի բլոգերի միջև: Փաշինյանը ելույթ էր ունենում «Ագորա-2» տաղավարում վարպետաց դասի ձևաչափով , որտեղ խոսեց արցախյան խնդրի, դրա ծագման, առկա իրավիճակի և հնարավոր լուծման մասին:

Երկարաշունչ ելույթից հետո ՀՀ վարչապետին հարցեր ուղղեց ադրբեջանցի մի բլոգեր: Նրա հարցերը մի քանիսն էին, ուստի Փաշինյանը որոշեց գրի առնել, որ հիշի: Եվ մինչ նա գրիչ էր փնտրում, հարց ուղղող ադրբեջանցին իր ձեռքի գրիչն առաջարկեց Հայաստանի վարչապետին՝ ասելով. «Սա թող լինի Ձեզ նվեր Ադրբեջանից»: Փաշինյանն էլ այդ պահին սիրով ընդունեց նվերը: Թեև հետո մեզ տեղեկացրին, որ Նիկոլ Փաշինյանն իր ստացած նվեր գրիչը հետ է փոխանցել ադրբեջանցուն, հայտնում է hraparak.am-ը: