Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում. hetq.am

Հայաստանից դուրս եկող միլիոնավոր դոլարներն արտերկրում դառնում են ներդրում, մասնավորապես, անշարժ գույքի տեսքով

Հայաստանից դուրս եկող միլիոնավոր դոլարներն արտերկրում դառնում են ներդրում, մասնավորապես, անշարժ գույքի տեսքով: Հայ պաշտոնյաները, օլիգարխներն ու տարբեր գործարարներ մեծածավալ գույք են ձեռք բերել բազմաթիվ երկրներում: Նրանց շրջանում ամենամեծ պահանջարկ ունեցող վայրերից մեկը Դուբայն է:  

Արաբական Միացյալ Էմիրությունների խոշորագույն քաղաքը, որն իր շքեղությամբ Արեւելքի մարգարիտ կոչվելու բոլոր իրավունքներն ունի, օր-օրի ավելի ու ավելի շատ մարդկանց է գրավում: Դրանք ոչ միայն միլիոնավոր զբոսաշրջիկներ են աշխարհի տարբեր ծայրերից, այլեւ մեծահարուստներ, ովքեր նախեւառաջ անշարժ գույք են գնում այստեղ: 

Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP, այս ցանցի անդամ է նաեւ «Հետքը») մեր գործընկերներից տվյալներ ենք ստացել Դուբայում անշարժ գույքի հայ սեփականատերերի մասին:

OCCRP-ն, մեջբերելով «Tax Justice Network» միջազգային անկախ փաստաբանական խմբին, հայտնում է, որ աշխարհի ոչ թափանցիկ իրավասությունների շարքում Դուբայը 9-րդն է: Այս քաղաքի եւ համանուն էմիրության առանձնահատկություններից են թափանցիկության բացակայությունը, իշխանությունների կողմից թույլ կարգավորումները եւ ներդրվող հսկայածավալ փողերի ծագումնաբանության հանդեպ անտարբերությունը, ինչը Դուբայը դարձրել է դրախտ քրեական խմբավորումների, ահաբեկիչների, դիկտատորների ու բոլոր նրանց համար, ովքեր ապրում են հանցագործություններով եւ կոռուպցիայով: Դուբայը դարձել է վայր, որտեղ աշխարհի ուժեղները կարող են խուսափել հարկերից եւ պատժամիջոցներից, իրենց երկրների իրավապահների աչքից հեռու զբաղվել փողերի լվացմամբ ու ակտիվներ թաքցնելով:

«C4ADS» շահույթ չհետապնդող կազմակերպությունն OCCRP-ին տրամադրել է տվյալներ, որոնք հավաքվել են անշարժ գույքի ոլորտի տարբեր մասնագետների կողմից: Տվյալների բազայում առկա է մոտ 54 հազար հասցե եւ 129 հազար սեփականատեր աշխարհի 181 երկրից: Այս մարդկանցից շատերը որեւէ իրավախախտման մեջ չեն մեղադրվում, սակայն քաղաքական գործիչների եւ մեծահարուստ անձանց անունները հարցեր են առաջացնում: Կան նաեւ պատժամիջոցների ցուցակներում ներառված անձինք, արդարադատությունից խուսափող դեմքեր եւ այլ անհատներ, որոնց բոլորի ներկայությունը Դուբայում ցույց է տալիս, թե  կասկածելի անձանց որքան գրկաբաց է ընդունում այս քաղաքը: 

«Հետքի» ձեռքի տակ գտնվող ցուցակում առկա են նախկին ու ներկա հայ պաշտոնյաների, գործարարների, նրանց հարազատների անուններ: Ճիշտ է, նույն գործարարներից ոչ բոլորն են հայտնի ու հանրության համար հետաքրքրություն ներկայացնող, սակայն կան անուններ, որոնք ժամանակին կարեւոր դերակատարում են ունեցել Հայաստանի տնտեսության մեջ (չենք ասում ՝ դրական կամ բացասական): Մենք չենք պնդում, որ ստորեւ ներկայացվող անձինք Դուբայում անշարժ գույք են գնել «կեղտոտ» փողերով, սակայն նրանց ունեցվածքը (հատկապես՝ պետական պաշտոնյաների) մտածելու տեղ է տալիս:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում