ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները համակարծիք են, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ այսօր ստորագրվել է ՀՀև ՌԴ ԱԳ նախարարությունների միջև խորհրդակցությունների մասին 2020-2021թ․-ների ծրագիրը

«Մեր հարաբերություններն այնքան խոր ու բազմաբովանդակ են, որ մեկ բառով բնութագրելը դժվարություն է անգամ մեզ համար»,- այսօր այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ  Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ ՌԴ հետ մեր դաշնակցային հարաբերությունները խարսխված են դարերի խորքից եկող մեր ժողովուրդների բարեկամության վրա, որոնք  ամրապնդվել են համատեղ հաղթանակներով, փոխադարձ վստահությամբ և մշակութային ընդհանուր ժառանգությամբ։ ՀՀ-ՌԴ հարաբերությունները, նախարարի խոսքերով, զարգանում են բոլոր ուղղություններով ու ակտիվ են բոլոր մակարդակներում։

«Երկկողմ օրակարգում մեծապես կարևորում ենք  Ռուսաստանի հետ համագործակցությունը ընդհանուր հարթակներում՝ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակներում։ Մեզ համար առանցքային է ԵԱՏՄ շուկայի հետագա ազատականացումը, ԵԱՏՄ-ի միջազգային կապերի ընդլայնումը՝ Սինգապուրի, Իրանի, Չինաստանի և այլ երկրների  հետ նոր որակի համագործակցության միջոցով»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը։

Նախարարը կարևորեց նաև 2 երկրների օրենսդիր մարմինների միջև հաստատված համագործակցությունը։ ՌԴ-ն ՀՀ թիվ մեկ տնտեսական գործընկերն է, երկկողմ առևտրաշրջանառությունը աճող դինամիկա ունի, նախորդ տարվա համեմատ մոտ 10 տոկոս։

«Մենք հետևողականորեն համագործակցում ենք նաև այլ միջազգային հարթակներում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում, որտեղ մենք համադրում ենք միջազգային համագործակցության զարգացման և անվտանգության օրակարգի շուրջ մեր դիրքորոշումները և հանդես գալիս փոխադարձ աջակցությամբ»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը։

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ այսօր ստորագրվել է ՀՀև ՌԴ ԱԳ նախարարությունների միջև խորհրդակցությունների մասին 2020-2021թ․-ների ծրագիրը։

Մնացականյանը նշեց, որ գործընկերոջս հետ այսօր անդրադարձել են միջազգային ու տարածաշրջանային օրակարգի բազմաթիվ հարցերի, երախտագիտություն հայտնել Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու համար։ Ընդգծվել է նաև Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելության կարևոր դերը։

«Ես բարձր գնահատեցի Ռուսաստանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ մեկտեղ, միջնորդական առաքելությունը, որը մեկ անգամ ևս ընդգծվեց այս տարվա ապրիլին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարարի հրավերով կայացած հանդիպմամբ, որի արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն։ Հիմնախնդիրը, ինչպես բազմիցս նշել եմ, վերաբերում է իրենք պատմական հայրենիքում ապրող մեր հայրենակիցներին, մարդկանց ու նրանց իրավունքների ու ազատությունների իրականացմանը։ Որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ մենք հանձնառու ենք ապահովելու խաղաղ կարգավորման այնպիսի միջավայր, որը կհարգի Արցախի ժողովրդի իրավունքները, հատկապես ինքնորոշման իրավունքի իրականացումը՝ առանց սահմանափակման և հարկադրանքի: Գործընկերոջս հետ համակարծիք ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի»,- ասաց Մնացականյանը: