Դատարկ ճամպրուկ ենք բերել Զոհրաբ Մնացականյանին, որ դառնա «գնացականյան». ՀՀԿ երիտթևի նախագահ

Իրենց այս քայլը բացատրեցին նրանով, որ քաղաքական օրակարգից դուրս է բերվել Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները, անհասկանալի բանաձև է շրջանառվում, որը չի ներառում իր մեջ ազգերի ինքնորոշման իրավունքը

ՀՀԿ երիտասարդական միության ներկայացուցիչները՝ ՀՀԿ երիտթևի նախագահ Հայկ Մամիջանյանի գլխավորությամբ, դատարկ ճամպրուկներ էին տարել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ պահանջելով նրա հրաժարականը:

«Դատարկ ճամպրուկներ ենք բերել. դատարկ, ինչպես իրենց խոստումները, ինչպես մինչև այսօր արած բոլոր քայլերը և, որ ամենավատն է, ճամպրուկները դատարկ են, ինչպես ՀՀ արտաքին քաղաքականությունը: Ճամպրուկներից մեկը կթողնենք Զոհրաբ Մնացականյանին, որ Զոհրաբ Մնացականյանը դառնա «գնացականյան»,- լրագրողներին ասաց Հայկ Մամիջանյանը:

Իրենց այս քայլը բացատրեցին նրանով, որ քաղաքական օրակարգից դուրս է բերվել Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները, անհասկանալի բանաձև է շրջանառվում, որը չի ներառում իր մեջ ազգերի ինքնորոշման իրավունքը: Բացի սրանից, ըստ Մամիջանյանի, բարեկամական Չինաստանի հետ հարաբերությունները վատթարացել են այն աստիճան, որ Հայաստանը դուրս է մնացել «մեկ գոտի, մեկ ճանապարհ» հայեցակարգից, հայ-ռուսական հարաբերությունները անհասկանալի մակարդակում են. «Մեզ համար ցավալի է նաև, որ մեր պաշտոնյաները գնում են ԱՄՆ, և նրանց ընդունում են սովորաբար սենատորի քարտուղարի օգնականի մակարդակով»,- ասաց Մամիջանյանը:

Վերջինս վստահեցրեց, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը կապ չունի իրենց ակցիայի հետ: «ԱԳ նախարարը հայտարարել է, թե նախկինում ԱԳՆ ճամպրուկներով գումար էր մտնում, դրա համար մենք ենք հիմա նրանց ճամպրուկներ բերել: Այս ակցիան ոչ մի կապ չունի որևէ մեկի այցի հետ: Մենք իրավունք ունենք որպես քաղաքացիներ մեր երկրի ԱԳ նախարարին հիշեցնել, որ չարժի պրոֆեսիոնալ դիվանագետից վերածվել շարքային պրոպագանդիստի»,- ասաց նա:

ԱԳ նախարարի խոսնակը դուրս եկավ ցուցարարների հետ հանդիպման, վերցրեց նամակը՝ ուղղված ԱԳ նախարարին, սակայն ճամպրուկը չտարավ՝ նշելով, որ անվտանգությունից ելնելով՝ չի կարող, իսկ նամակը սիրով կփոխանցի: