Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Երևան

Նախատեսվում է երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի քննարկումներ, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում արտաքին քաղաքական փոխգործակցության վերաբերյալ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կիրակի երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հավելելով, որ նախարարի այցի օրակարգը սկսվում է հայ գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման այցելությամբ: Միջոցառումն անցկացվելու է Հայաստանի Ազգային պատկերասրահում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչությունը տեղեկացրել էր, որ Լավրովի այցը Երևան կշարունակվի մինչև նոյեմբերի 11-ը: Հայաստանում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ Մնացականյանի հետ:

Նախատեսվում է երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի քննարկումներ, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում արտաքին քաղաքական փոխգործակցության վերաբերյալ:

«Կկայանա մտքերի առարկայական փոխանակում միջազգային և տարածաշրջանային թեմաներով, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: