Գերմանիան ցանկանում է ձեւավորել ԵՄ անվտանգության խորհուրդ Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ

Մասի խոսքով՝  Բեռլինի պատի անկումից 30 տարի հետո ապագան թվում է «ավելի բաց եւ անկանխատեսելի, քան երբեւէ», իսկ Արեւելքի եւ Արեւմուտքի փոխհարաբերությունների հարցը արդեն վաղուց դադարել է Վաշինգտոնի համար առանցքային  միջազգային հարց լինել

Միջազգային անվտանգության կառույցներ ստեղծելու մասին չդադարող վեճերի իրավիճակում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մասը հերթական անգամ հանդես է եկել Եվրամիության անվտանգության խորհուրդ ստեղծելու առաջարկությամբ, տեղեկացնում է DW-ն։

Նրա հոդվածում, որը հրապարակվել է գերմանական Der Spiegel ամսագրում կիրակի օրը՝ նոյեմբերի 10-ին, Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը այդ մարմինն անվանել է «տեղ, որտեղ եվրոպացիները կարող են համատեղ աշխատել միջազգային քաղաքականության եւ անվտանգության ոլորտում, ԵՄ ինստիտուտների շրջանակում եւ դրանցից դուրս»։

Միեւնույն ժամանակ, Մասի խոսքով՝ Մեծ Բրիտանիան պետք է մասնակցի ԵՄ անվտանգության խորհրդի աշխատանքներին, անգամ Եվրամիությունից դուրս գալուց հետո, իսկ ԱՄՆ-ը կարող է դառնալ այդ մարմնի կարեւոր գործընկերը։

Հիշելով ԱՄՆ վերջին որոշումը՝ դուրս բերել զորքերը Սիրիայից՝ «չքննարկելով դա մերձավոր գործընկերների հետ», ինչպես նաեւ Սիրիայում Թուրքիայի հարձակողական գործողության մասին, որն Անկարան սկսեց՝ չնայած Եվրոպայի եւ ԱՄՆ քննադատությանը, եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արտահայտությունը, թե ՆԱՏՕ-ն այժմ գտնվում է «ուղեղի մահվան» վիճակում, Մասն ասաց, որ, իր կարծիքով, գործընկերային հարաբերությունների հուսալիության, Գերմանիայի անվտանգության եւ ապագայի ճիշտ ուղղության հարցերը այսօր նորից քննարկման կարիք ունեն։

Մասի խոսքով՝  Բեռլինի պատի անկումից 30 տարի հետո ապագան թվում է «ավելի բաց եւ անկանխատեսելի, քան երբեւէ», իսկ Արեւելքի եւ Արեւմուտքի փոխհարաբերությունների հարցը արդեն վաղուց դադարել է Վաշինգտոնի համար առանցքային  միջազգային հարց լինել՝ վերածվելով «հարցերից մեկի», անկախ այն բանից, թե ինչ կառավարություն է գտնվում Սպիտակ տանը։

«Այն, որ մենք այսօր Գերմանիայում ապրում ենք խաղաղության եւ անվտանգության պայմաններում, այլեւս ինքնին հասկանալի բան չէ,- ասել է Մասը։- Վերջին տարիներին քանիցս ստիպված ենք եղել լսել, որ Գերմանիան պետք է ավելի շատ պատասխանատվություն ստանձնի աշխարհում խաղաղության եւ անվտանգության համար»։ Քաղաքական գործչի խոսքով՝ այսօր եկել է պատմական պահը, որպեսզի Գերմանիան պատասխանատվություն վերցնի ե՛ւ սեփական անվտանգության, ե՛ւ Եվրոպայի անվտանգության համար։