Կոռուպցիան մոխրագույնի պես 50 երանգ ունի․ Սարհատ Պետրոսյան

Կոռուպցիան սկսվում է կաշառք տալուց, խնամի, ծանոթ, բարեկամից, ավարտվում է նրանով, որ դու ուղղակի փնթի կառավարում ես իրականացնում ու պետական միջոցներ ես վատնում

Կոռուպցիան սև ու սպիտակ չի լինում, այն մոխրագույնի պես 50 երանգ ունի։ Այս մասին AD TV «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ասաց Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ պարզաբանելով իր հրաժարականի նամակում նշված «կոռուպցիայի հասնող թայֆայականություն» ձևակերպումը։

«Կոռուպցիան սկսվում է կաշառք տալուց, խնամի, ծանոթ, բարեկամից, ավարտվում է նրանով, որ դու ուղղակի փնթի կառավարում ես իրականացնում ու պետական միջոցներ ես վատնում։ Ասելով «կոռումպացվածության հասնող թայֆայականություն» ես նկատի ունեմ, որ հանրային կառավարման ոլորտում մենք փորձում ենք վստահել մարդկանց միայն որովհետև մեր թայֆայից են և դրա մեջ մենք դնում ենք այնպիտի ռիսկեր, որոնք տեղավորվում են կոռուպցիայի 50 երանգների տոների արանքում։ Բնականաբար, եթե կոռուպցիայի մասով լիներ որևէ փաստ՝ ինձ կարող էին ասել, եթե գիտես՝ ինչու չես դիմել իրավապահ մարմիններին։

Սակայն ես ասում եմ, որ այստեղ ռիսկեր կան, իսկ գնահատական թող տան նրանք, ովքեր պետք է տան։ Իմ արժեհամակարգի համար դա կոռուպցիա է, ձեզ համար կարող է այդպիսին չլինի, որովհետև իմ համար, եթե որևէ քաղաքակիրթ երկրում մեկը ռասիստական արտահայտություն է անում կառավարության նիստում և հաջորդ օրը դիմում չի գրում ու դուրս գալիս, ապա իրեն դուրս են շպրտելու։ Բայց մեզ մոտ դա նորմալ է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հեղափոխությունից հետո եկած ուժերը պետք է այս ամենը վերաարժևորեն։

Նա նշեց, որ իր արտահայտությամբ հստակ ազդակներ է տվել, թե որտեղ կարող են կոռուպցիոն ռիսկեր լինել։

«Եթե ինչ-որ հրաշքով պարզվի, որ սա կոռուպցիա չէ, նորմալ է՝ ես միևնույն է ասում եմ՝ ժողովուրդ ջան, սա նորմալ չէ, չի կարող նույն մարմինը լինել և նախագծողի դերում, և նախագիծը հաստատողի դերում։ Քաղաքապետարանում, Արթուր Մեսչյանից բացի, որ ազնվագույն մարդ է, մյուսները, բոլորը զբաղվել են նախագծմամբ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հետհեղափոխական երկրում էլ կան ղեկավարներ, ովքեր մտածում են, որ կարող են պաշտոն զբաղեցնել ու իրենց եղբոր ֆիրմայից գնումներ անել։

«Այս խնդիրների մասին պետք է խոսել այնքան ժամանակ, մինչև նման երևույթներ չլինեն»։