Փնտրվում են ճամպրուկները և դրանց տերերը. 168.am

Փաշինյանը լրագրողների հարցերին պատասխանելիս նախ՝ ասել էր, որ իրենց կառավարության ծրագիրը  «հեղափոխական» է, ապա,  ԱԺ նախկին պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան՝ ասել էր, թե իրենց  «կառավարությունը կախարդական փայտիկ ունի»
Զոհրաբ Մնացականյան

168.am-ը գրում է.

2018թ. հունիսին, մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունները և ներկայիս խորհրդարանի  ձևավորումը, Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցերին պատասխանելիս նախ՝ ասել էր, որ իրենց կառավարության ծրագիրը  «հեղափոխական» է, ապա,  ԱԺ նախկին պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան՝ ասել էր, թե իրենց  «կառավարությունը կախարդական փայտիկ ունի»:

Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը մանրամասնել էր իր այդ միտքը․ «Կախարդական փայտիկն այն է, երբ բիզնեսն ազատված է կոռուպցիոն որևէ պարտավորություններից, որ խոշոր բիզնեսն իր ողջ ծավալով մտնելու է հարկային դաշտ, այն է, որ Հայաստանում դե յուրե չկան մենաշնորհներ և շուտով չեն լինի դե ֆակտո, այս խնդիրները լուծվել ու լուծվում են, իսկ դա նշանակում է, որ կախարդական փայտիկ կա»,- ասել էր նա՝ հայտարարելով, թե ՀՀ շարքային քաղաքացին այսօր էլ զգում է կախարդական փայտիկի գոյությունը։ Փաշինյանը, անդրադառնալով գործարարների հետ իր հանդիպմանը, դեռևս 2018թ. հունիսին ասել էր.

«Ոչ ոք չի ասում, որ հանրապետության գործող վարչապետը գործարարներին հրավիրել է և ասել՝ հարգելի գործարարներ, ես չգիտեմ, թե դուք ամիսը քանի անգամ, ինչ չափի ճամպրուկներով, ինչ եք բերել Բաղրամյան 26, բայց այս պահից դուք ազատված եք բոլոր այդ տեսակի պարտականություններից: Ես հարցրել եմ՝ եղե՞լ է այսպիսի մեխանիզմ, իրենք ասել են` եղել է: Ես ասել եմ` դուք ազատված եք այդ մեխանիզմից: Ոչ ոք չի ասում, որ գործող կառավարությունն այդ նույն հետապնդվող գործարարներին ճամպրուկներով փողեր է նվիրել»։

Փաշինյանի այդ հայտարարությունից անցել է ավելի քան մեկ տարի։ Առ այսօր լրատվամիջոցները տարբեր առիթներով հարցադրումներ են անում և Փաշինյանին, և նրա կառավարության ներկայացուցիչներին՝ ովքեր են եղել նախկին  իշխանություններին Բաղրամյան 26  ամիսը մի քանի անգամ ճամպրուկներ տանող գործարարները, ճամպրուկներում ի՞նչ  և որքա՞ն է եղել, պատասխան չկա, փաստ չկա։ Մի կողմ թողնենք, որ հեղափոխություն-իշխանափոխությունից հետո  կախարդական փայտիկի օգնությամբ նախկին «օլիգարխները» մեկ օրում Փաշինյանի համար դարձան գործարարներ։ Եթե մինչ հեղափոխությունը նախկին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանին, Գագիկ Ծառուկյանին և էլի շատերին անվանում էր օլիգարխներ, այժմ արդեն նրանց անվանում է գործարարներ և մեծ հաճույքով շփվում, օգտվում նրանց գործունեությունից, մասնակցում նրանց գործարանների կամ ընկերությունների բացումներին, սելֆիներ անում, լուսանկարվում, նրանց արտադրած տրիկոտաժն Աննա Հակոբյանն անձամբ գովազդում է…

Մինչ ճամպրուկներ տանողների որոնողական աշխատանքները շարունակվում են, վերջերս ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հյուրընկալվեց BBC-ի «HardTalk» հաղորդաշարին։ Դաժան զրույց էր, դաժան՝ ոչ միայն Զոհրաբ Մնացականյանի, այլև՝ բոլորիս համար։

Հաղորդման ընթացքում հնչած արտաքին քաղաքական հարցերին նախարարի պատասխաններին քաղաքագետներն ու քաղաքական տարբեր գործիչներ մինչ օրս անդրադառնում են՝ ասելով, որ այդ հարցազրույցն ի ցույց դրեց մեր արտաքին քաղաքականության ողբալի վիճակը։

Բայց դրա մասին չենք ցանկանում այժմ խոսել։

Ներկայացնում ենք հաղորդաշարի ընթացքում լրագրող Սթիվըն Սակուրի և Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցից մի կարճ հատված (թարգմանությունը ՀՀ ԱԳՆ-ինն է)։

Սթիվըն Սակուր.- Մենք չենք խոսում ապագայի մասին, սակայն կա որոշակի մեծամտություն ձեր կառավարությունում, քանի որ ոչ վաղ անցյալում վարչապետ Փաշինյանը եվրոպացի պատգամավորներին ասել է, մեջբերում  եմ՝ «մեզ հաջողվել է արմատախիլ անել համակարգային կոռուպցիան»: Դա ակնհայտորեն ճիշտ չէ:

Զոհրաբ Մնացականյան.- Ինչո՞ւ ոչ:

Սթիվըն Սակուր.- Դե, օրինակ, դա ասելուց ընդամենը մի քանի շաբաթ անց հակակոռուպցիոն գործակալության պետին առաջադրված  լուրջ մեղադրանքներ կային, մարդ, ում նշանակել է հենց ինքը՝ վարչապետը: Սա շատ կարևոր հարցերի տեղիք է տալիս առ այն, թե արդյոք վարչապետը քաջատեղյա՞կ է, թե ինչ է կատարվում պաշտոնյաների հետ կոռուպցիոն առումով:

Զոհրաբ Մնացականյան.- Ոչ, ոչ: Ես չգիտեմ՝ ինչ ի նկատի ունեք, բայց ինչպես և ասում եմ, մենք ամիսների ընթացքում կարողացել ենք տեղ հասցնել այն ուժեղ ուղերձը, որ իշխանության ներկայացուցիչներին ճամպրուկներ չեն բերվելու…

Միջազգային հեղինակավոր և միլիոնավոր լսարան ունեցող լրատվամիջոցին տված այս հարցազրույցից հետո 168.am-ը հարց ուղղեց ՀՀ արտգործնախարարությանը։

«ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, հյուրընկալվելով BBC-ի «HardTalk» հաղորդաշարին, հրապարակավ հայտարարել էր, որ հեղափոխական կառավարության ջանքերի շնորհիվ այս ամիսների ընթացքում կարողացել են տեղ հասցնել այն ուղերձը, որ իշխանության ներկայացուցիչներին ճամպրուկներ չեն բերվում: Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցին՝ ովքե՞ր էին բերում այդ ճամպրուկները, ի՞նչ էր այդ ճամպրուկների մեջ, ո՞ւմ էին բերում այդ ճամպրուկները, և ինչպիսի՞ նյութերի հիման վրա է ՀՀ Արտաքին գործերի նախարարը BBC-ի եթերում նման հայտարարություն արել»։ Հարցազրույցի հրապարակման օրն իսկ՝ հոկտեմբերի 25-ին, այս հարցումով դիմեցինք ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին։

Երկարատև պնդումներից հետո ստացանք այսպիսի պատասխան.

«Նախարար Մնացականյանը նկարագրել է համակարգային կոռուպցիայի դեմ ՀՀ կառավորության պայքարը՝ օգտագործելով պատկերավոր բնորոշում»։

Այո, այո, սա ՀՀ ԱԳՆ պատասխանն է մեր հարցմանը։ Այսինքն՝ չկա փաստ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական նպատակներով նման անպատասխանատու և մանիպուլյացիոն արտահայտություն է անում՝ հասարակության վրա ներազդելու համար, որի հիմնավորումները մինչ օրս չկան, ավելին, երբեմնի՝ նախկին իշխանություններին ծառայող օլիգարխներն էլ «կախարդական փայտիկի» օգնությամբ մի վայրկյանում դառնում են լավը և գործարարներ, որոնց գործունեությունն ու արտադրանքը պատիվ է բերում մեր երկրին, դեռ մեր երկրի Արտգործնախարարն էլ նրա այդ «թևավոր խոսքերը» կրկնում է աշխարհի հեղինակավոր մեդիա-ընկերության եթերում՝ ի լուր աշխարհի՝ խոսքը պատկերավոր դարձնելու նպատակով։

Երեկ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակից ուսանողներից մեկը Նիկոլ Փաշինյանին լավ հակադարձեց։ Երբ Փաշինյանը, արդարացնելով Արայիկ Հարությունյանին, ասաց՝  «Արայիկ Հարությունյանը որ թալանչի լիներ, որ ընդունելության քննություններին փող առներ, նրա հրաժարականը չէիք պահանջի, չէ՞», ուսանողուհին պատասխանեց՝ «Պարոն Փաշինյան, եթե փաստեր ունեք, դիմեք ոստիկանություն»։

Ի դեպ, երեկ «Հրապարակը» գրել էր նախընտրական շրջանում բնակիչներին խոստումներ շռայլած ԱԺ «Իմ քայլ»-ական պատգամավոր, Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի մասին։ Հաղթանակ թաղամասի բնակիչներն ասել էին, որ կոյուղու հարցը դեռ այդ տարածքից ընտրված պատգամավորը չի լուծել, այն դեպքում, երբ նախընտրական շրջանում և հետո խոստացել էր խնդիրը լուծել։ Լրագրողը պատգամավորին ասել է՝ «ընտրատարածքում ինտենսիվ խոսում են, որ Դուք մոռացել եք Ձեր խոստումը, որովհետև Ձեր գլուխը խառն է մի շարք, այդ թվում և՝ ոչ անհայտ Սամվել Ալեքսանյանի` Ձեզ նվիրած «նանո-սարքավորումներով»՝ «Լուսաստղի» մերձակայքում գտնվող «մոյկայով»»։

«Լո՞ւրջ, այդպիսի տեղեկատվությո՞ւն կա»,- լրագրողին հարցրել է հեղափոխություն-իշխանափոխության բերումով պատգամավոր դարձած նախկին դերասանը: Կա,-պատասխանել է լրագրողը՝ ավելացնելով. «Ափսո՜ս, բայց ես հերքում եմ այդ տեղեկատվությունը, ես չունեմ որևէ ավտոլվացման կետ, որևէ նման բան նվեր չեմ ստացել»:

Փոքրիկ հիշեցում. Նախկինում էլ որևէ մեկը նվերներ ստանալիս և իշխանական բարիքներից օգտվելիս չէր ասում՝ այո՛, բնականաբար՝ հերքում էր։

Վերադառնանք ԱԳՆ պատասխանին, ճամպրուկներին։

Ոչինչ, որ այդ սուտն օգտագործվում է երկրի ներսում, մի կերպ հանդուրժվում է, քանակի մեջ որակը չի էլ քննարկվում, բայց որ դա նաև դրսում է հնչեցվում՝ արդեն ծիծաղելի չէ։

Հ.Գ. Ճամպրուկներն այլևս թրենդի մեջ չեն, նվեր-քարտերն են հիմա առավել մոդայիկ և բանկային հաշվեհամարները։ Այդպիսի կարծիք կա։