Ուկրաինան Օբամայի վարչակազմին ավելի էր հետաքրքրում, քան Թրամփին. Սուրեն Սարգսյան

Ես չեմ կարող կանխատեսել ադմինիստրացիայի փոփոխություն մեկ տարի անց

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Բեռլինում Կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Ուկրաինայի ապագային վերաբերող հարցին, հայտարարել է, թե Միացյալ Նահանգներն աշխատում է Ուկրաինայում խաղաղության հաստատման նախագծի վրա:

Խաղաղության հաստատման հնարավոր նախագծի մասին 168.am-ը խոսեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ:

«Ուկրաինան գտնվում է Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում ոչ միայն այս, այլև նախորդ վարչակազմի ժամանակ: Կարելի է ասել, որ հակառակ գործընթաց է սկսվել: Նախորդ վարչակազմը՝ Օբաման, առավել հետաքրքրված էր Ուկրաինայով, քան Թրամփի վարչակազմը»,- ասաց Սարգսյանը՝ վերջին շրջանում Թրամփի վարչակազմի հետաքրքրությունն Ուկրաինայի հանդեպ պայմանավորելով այլ՝ ավելի աղմկահարույց հանգամանքով:

«Խոսքը սկանդալի մասին է, որն ի հայտ է եկել Ուկրաինայի նախագահ Զելենսկու և Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի հեռախոսազարույցի արդյունքում: Հեռախոսազրույցի սղագրությունը հետո հայտնվել էր հանրության ուշադրության կենտրոնում: Հենց այս հեռախոսազրույցի պատճառով Թրամփը մեղադրվում է ներքաղաքական գործընթացներում արտաքին ուժերի ներգրավվելու մեջ: Սա հիմք էր հանդիսացել, որ դեմոկրատական կուսակցությունը լուրջ քաղաքական գործընթաց սկսի Թրամփին իմփիչմենթի ենթարկելու համար: Եվ սա թափ առած գործընթաց է, և Միացյալ Նահանգներում այս սկանդալը, որի կենտրոնում, ըստ էության, առանց իր կամքի հայտնվել է նաև Ուկրաինան, ստիպում է, որպեսզի Միացյալ Նահանգներն առավել ակտիվ աշխատանք սկսի տանել ուկրաինական ուղղությամբ»,- ասաց քաղաքագետը՝ հորդորելով իմփիչմենթի գործընթացից մեծ ակնկալիքներ չունենալ:

«Չի կարելի շատ բան ակնկալել այս գործընթացից, որովհետև Սենատում այս պահի դրությամբ մեծամասնություն կազմում են Թրամփի կողմնակիցները և, առանց նրանց քվեարկության, իմփիչմենթն անհնար կլինի: Բայց նրանց քվեարկությունն էլ խիստ կասկածելի է: Առնվազն 25-30 հոգի պետք է Թրամփի թիմից դավաճանեն Թրամփին, որպեսզի իմփիչմենթը տեղի ունենա: Իսկ դա այս պահին, կարծում եմ, շատ քիչ հավանական է»,- ասաց Սարգսյանը:

Վերադառնալով Ուկրաինային՝ փաստենք, որ, բացի սկանդալից, Միացյալ Նահանգների հետաքրքրության շրջանակում շարունակում է մնալ Եվրոպայում կայունության ու խաղաղության հաստատումը: Ուկրաինայի խաղաղության հաստատման նոր նախագիծն էլ այդ հետաքրքրությունների սպասարկման մի միջոց է:

«Կարևոր է նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն՝ մանավանդ Թրամփի վարչակազմը, մշտապես մեղադրում է Եվրոպական Միությանը ու անդամ իրենց գործընկերներին ուկրաինական խնդրին ոչ պատշաճ ուշադրություն դարձնելու և աջակցության տրամադրելու համար»,- ասաց Սուրեն Սարգսյանը:

Պետքարտուղար Պոմպեոն Որկրաինայի մասին խոսելիս ներկաներին նաև հիշեցրել էր, որ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը, ուկրաինացիներին «ռուսական ագրեսիայից» պաշտպանել է ոչ թե 1 կամ 2, այլ շատ անգամներ:

«Իրականում ԱՄՆ-ն տարիների ընթացքում լուրջ աջակցություն ցուցաբերել է Ուկրաինային: Մեծ աջակցություն ցուցաբերել է նաև Ուկրաինայի անկախության հռչակումից հետո: Այդ աջակցությունը շարունակական է և շարունակական է լինելու»,- ասաց քաղաքագետը:

2020 թվականին Միացյալ Նահանգներում սպասվում են նախագահական ընտրություններ: ԱՄՆ նախագահի աթոռի պայքարին միացել է նաև Նյու Յորքի նախկին քաղաքապետ, 77-ամյա միլիարդատեր Մայքլ Բլումբերգը, որպես դեմոկրատական կուսակցության թեկնածու:

168.am-ը քաղաքագետից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ԱՄՆ-ում վարչակարգի փոփոխությունը կարող է փոփոխել գերտերության արտաքին քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ:

«Ես չեմ կարող կանխատեսել ադմինիստրացիայի փոփոխություն մեկ տարի անց, բայց, կարծում եմ, որ բոլոր ադմինիստրացիաների ուշադրության կենտրոնում լինելու է ուկրաինական խնդիրը»,- ասաց Սուրեն Սարգսյանը՝ հավելելով, որ Ուկրաինան կարևոր է թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների համար: