Քաղցկեղը հաղթահարած կանայք պետք է անպայման սկսեն սպորտով զբաղվել․ գիտնականներ

Այն կանայք, որոնք շաբաթական 2,5 ժամ ծախսել են ֆիզիկական վարժությունների վրա, մոտ 2 անգամ ավելի հազվադեպ են մահացել, քան քիչ շարժվող կանայք

Գիտնականները պարզել են, որ ամենօրյա ֆիզիկական վարժությունները նվազեցնում են քաղցկեղ տարած կանանց մոտ վաղաժամ մահվան վտանգը։

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ մասնագետները վերլուծել են կրծքագեղձի քաղցկեղից բուժված 50-74 տարեկան ավելի քան 2000 կանանց տվյալները։ 12 տարվա ընթացքում մասնագետները հետեւել են այդ կանանց առողջությանը եւ շարժողական ակտիվության մակարդակին։ Պարզվել է՝ կանայք, որոնք զբաղվել են ֆիզիկական վարժություններով, ավելի հազվադեպ են մահացել բուժման ընթացքում, քան սակավաշարժ կենսակերպ վարողները։

Այն կանայք, որոնք շաբաթական 2,5 ժամ ծախսել են ֆիզիկական վարժությունների վրա, մոտ 2 անգամ ավելի հազվադեպ են մահացել, քան քիչ շարժվող կանայք։ Եթե կանայք ակտիվ կենսակերպ վարեին մինչեւ ախտորոշումը, ապա դա 30 տոկոսով կնվազեցներ վաղաժամ մահվան հավանականությունը։