Եկել է ժամանակը, որ մենք հանենք մեր միջի պատնեշները

Աշոտ Բլեյանը՝ իր սաների կողմից քանդված ցանկապատի մասին

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 93 մանկապարտեզի սաների ծնողներն ահազանգել էին 168.am-ի խմբագրություն՝ պնդելով, որ մանկապարտեզի բնականոն աշխատանքն այս պահին խոչընդոտվում է հարևանությամբ գտնվող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտների կողմից:

Նրանց խոսքով՝ մանկապարտեզի տարածք առանձնացնելու շինարարական աշխատանքներ իրականացնելու համար իրենք ունենք համապատասխան մարմնի թույլտվությունը, սակայն կրթահամալիրի աշակերտները խոչընդոտում են. քանդել են տեղադրված պարիսպը ու թույլ չեն տալիս աշխատանքները շարունակել:

«Սանիտարական ինչքան նորմ կա, խախտվում է. տարածքում սնվում են, թափում են»,- ասացին մեզ զանգահարած քաղաքացիները:

168.am-ին չհաջողվեց կապ հաստատել նշված մանկապարտեզի տնօրեն Մանուշակ Ստամբոլցյանի հետ: Իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական կրթության բաժնի պետ Նունե Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «թեժ գծով» ստացված ահազանգ է ստացել և հենց այդ պահին «դեպքի» վայրում էր:

Քաղաքապետարանի պաշտոնյան ասաց, որ մանկապարտեզն ունի ՀՈԱԿ-ին՝ որպես անշարժ գույք ամրացված տարածքը ցանկապատելու օրինական թույլտվություն: