Հարկադիրը փորձում է 83-ամյա տատիկին դուրս հանել սեփական տնից. դուստրը փորձել է ինքնավնասում կատարել

Հարկադիր կատարողները քանի օր է, այցելում են 83-ամյա տատիկի տուն և պահանջում, որպեսզի նա տունը լքի, մինչդեռ Բադալյանները հայտարարում են, որ մի խումբ պաշտոնյաներ իրենց նկատմամբ կատարել են անարդարություններ

Արդեն մի քանի օր է, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Հրագդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 83-ամյա Լիդա Բադալյանին ու նրա միակ խնամակալը համարվող՝ Լենա Բադալյանի տանը, գրում է SHAMSHYAN.com-ը:

Հարկադիր կատարողները քանի օր է, այցելում են 83-ամյա տատիկի տուն և պահանջում, որպեսզի նա տունը լքի, մինչդեռ Բադալյանները հայտարարում են, որ մի խումբ պաշտոնյաներ իրենց նկատմամբ կատարել են անարդարություններ և այդ հարցով Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:

Նրանք պնդում են, որ վճռաբեկ դատարանը ժամանակավորապես կասեցրել է իրենց՝ տանից վտարելու գործընթացը, մինչդեռ հարկադիր կատարողները անընդհատ անհանգստացնում են իրենց: 2 օր առաջ էլ հարկադիր կատարողների հերթական այցի ժամանակ կինը փորձել է ինքնավնասում անել, սակայն այցելուները, տեսնելով, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, հեռացել են:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 19-ին SHAMSHYAN.com էր դիմել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 83-ամյա Լիդա Բադալյանն ու նրա աղջիկը՝ Լենա Բադալյանը:

Ֆոտլրագրողի հետ զրույցում նրանք ասում էին.

«Ով կմտածեր, որ մեր տան տղամարդու մահվանից հետո գաղտագողի մեր հարսը սև կբերեր մեր գլխին: Մեզանից թաքուն իր մարդկանց գրանցել է տան վրա, ինչի պատճառով անօգնական վիճակում գտնվող թոշակառու տատիկը զրկվել է Փարոսից:

Դա քիչ էր, վերջերս էլ տեղեկացանք, որ մեզանից թաքուն դիմել է դատարան ու Կոտայքի մարզի դատարանը Լիդա Բադալյանի ու նրա ամուսնու կողմից տարիներով կառուցված տան մեծ մասը սեփականության իրավունքով հատկացրել է հարսին: Օրեր առաջ էլ Հարկադիր կատարման ծառայությունից եկել են մեր տուն ու մեզ ժամանակ են տվել, որ փետրվարի 25-ին պետք է տունը ազատենք և 83-ամյա տան իրական սեփականատիրոջն էլ դատարանը հատկացրել է որպես կացարան՝ տան հարևանությամբ գտնվող գոմը:

Խնդրում ենք ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, որպեսզի իրենց հոսկողության տակ վերցնեն այս գործը ու կհամոզվեն, թե ինչպիսի կոպիտ չարաշահումներ են կատարվել դատարանի կողմից:

Լրացուցիչ խնդրանքով դիմում ենք նաև Փաստաբանների պալատաի նախագահ Արա Զոհրաբյանին, որպեսզի նա էլ ուսումնասիրի մեր փաստաբանի՝ Արթուր Խաչիկյանի կատարած անմարդկային վերաբերմունքը: Մեզ վերաբերող բոլոր որոշումները, մեզ խաբելով, տարել է ու մինչև այժմ ոչ միայն չի վերադարձնում այլ նաև հրաժարվում է մեր հեռախոսազանգերին պատասխանել:

Որպես 83 տարեկան տատիկ խնդրում եմ ձեզանից, որ իմ հարցը լսեք և հետաքննություն անցկացնեք ու կհամոզվեք, որ թե՛ հարսիս, թե՛ մեր փաստաբանի և թե՛ դատարանի կողմից կատարվել են անարդարացի որոշումներ և խնդրում ենք, որ խնդրին հրատապ լուծում տաք, հակառակ դեպքում՝ ես ու իմ աղջիկս դատավորի անօրինական որոշումների պատճառով հայտնվելու ենք փողոցում»: