Նրանցից ցանկացածը կարող էր ուղղակի հեռախոսը վերցնել ու զանգահարել ինձ

Վանեցյանը՝ հայտնի պաշտոնյաների մասին

Նրանցից ցանկացածը կարող էր ուղղակի հեռախոսը վերցնել, զանգահարել ինձ: Այս մասին Factor.am-ին տված հարցազրույցում նշեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն անդրադառնալով ՀՖՖ անդամներ, միաժամանակ քաղաքական դեմքեր հանդիսացող անձանց ֆեյսբուքյան գրառումներին, որտեղ նշվում էր, որ Արթուր Վանեցյանի կողմից Աբրահամ Խաշմանյանին ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակումը եղել է օրենքի խախտումով:

Նշենք, որ նման գրառումներ էին արել վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Վանեցյանը նշեց, որ դեռ ամռանը ՀՖՖ կանոնադրությունը փոխվել է, որը թույլ է տալիս իրեն միանձնյա նման նշանակում անել, սակայն պարզվել է, որ իրենց աշխատակիցը թերացել է եւ կանոնադրությունը դեռեւս գրանցված չէ Արդարադատության նախարարությունը:

Հարցին, թե այստեղ ինքը ինչ-որ մեսիջ տեսնո՞ւմ է, օրինակ՝ ակնարկ, որ  իշխանությունը չի ցանկանում իրեն տեսնել ՀՖՖ նախագահի պաշտոնում, նա պատասխանեց. «Եթե ընկնենք ծայրահեղությունների մեջ, այո՛, կարող ենք տեսնել մեսիջ, որովհետեւ այդ մարդիկ, որոնք հրապարակային դաշտում են այդ ամենը ներկայացրել, փորձել են չեղած հարցին մեծ աղմուկ հաղորդել, կարող ենք եւ այդպես ենթադրել: Չեմ ուզում ընկնել ենթադրությունների դաշտ: Ես որեւէ մեկի հետ չունեմ անձնական խնդիր, բոլորի հետ ունեմ լավ, նորմալ հարաբերություններ»:

Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, որ ինքը տեսագրություն ունի, որը անհրաժեշտ պահին ասպարեզ կբերվի, ԱԱԾ նախկին տնօրենն ասաց. «Այն անձը, որն իր պաշտոնավարման ընթացքում ստանում է գաղտնի տեղեկություններ, տիրապետում է պետական գաղտնիքի, եթե այդ անձը որեւէ ժամանակ բացահայտի այդ գաղտնիքը, նա հայրենիքի դավաճան է եւ վերջ: Գաղտնիք բացահայտող անձը հայրենիքի դավաճան է»:

Նա անդրադարձավ նաեւ իր հրաժարականի հայտարարությանը, որտեղ կոչ էր անում «կանգ առնել»: Հարցին, թե արդյոք «կանգ առ» կոչը վերաբերում է կոռուպցիոն բացահայտումներին, Վանեցյանն արձագանքեց. «Ես այն մարդը չեմ, որ երբեւէ կոռուպցիայի բացահայտմանը «կանգ առ» ասեմ: Չկա ներում կոռուպցիային»: