Ռոբերտ Քոչարյանը «հենց այնպես» կարող է 5 տարի անազատության մեջ լինել. Օրբելյան

Երբ նա կլինի ազատության մեջ, թող դատաքննությունը շարունակվի, թեկուզ՝ 7 տարի, դրանից հետո եթե կլինի դատապարտող դատավճիռ, որն օրինական ուժի մեջ կմտնի, նա կկրի իր պատիժը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենք ցանկանում են, որ գործը շատ արագ անցնի դատաքննության փուլ:

«Սակայն դա չի նշանակում, որ մենք աչք ենք փակելու մեր վստահորդի մի երկու տարի նստելու վրա: Քանի դեռ նա ազատության մեջ չէ, ձեռնարկելու ենք օրենքով սահմանված բոլոր գործողությունները, որպեսզի պարոն Քոչարյանի ազատության իրավունքն ապահովենք: Երբ նա կլինի ազատության մեջ, թող դատաքննությունը շարունակվի, թեկուզ՝ 7 տարի, դրանից հետո եթե կլինի դատապարտող դատավճիռ, որն օրինական ուժի մեջ կմտնի, նա կկրի իր պատիժը»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ մինչ այդ անձը չպետք է 6-7 տարի անազատության մեջ մնա:

Օրբելյանը հայտնեց, որ դատախազությունը ներկայացրել է դատակոչի ցուցակ, որտեղ տեղ է գտել 800-ից ավել անձ. «Եթե մենք շաբաթական 3-4 վկա լսենք, միայն այդ դեպքում դատաքննությունը կտևի 5 տարի: Դա միայն վկաներին լսելու դեպքում: Էլ չեմ ասում, որ այդ վկաների մեծ մասն ընդհանրապես առնչություն չունեն գործին»: