Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովը հավանություն չի տա Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժման հետ կապված Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին օրինագծին մինչ այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի վաշինգտոնյան այցի ավարտը, գրում է Politico-ն:
Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշի այդ որոշումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թույլ կտա նոյեմբերի 13-ին կայանալիք հանդիպման ժամանակ խուսափել դիվանագիտական սկանդալից:
Թուրք պաշտոնյաները դժգոհ են պատժամիջոցների մասին օրինագծից, ինչպես նաեւ անցած շաբաթ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումից:
Հոկտեմբերի վերջին Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել թուրք պաշտոնյաների նկատմաբ պատժամիջոցներ սահմանելուն, ինչպես նաեւ սիրիական քարոզարշավում մասնակցող թուրքական ստորաբաժանումներին ԱՄՆ ռազմական տեխնոլոգիաների փոխանցման արգելքին: Օրինագիծը նաեւ պահանջում է գնահատել Էրդողանի եւ ընտանիքի կարողությունը:
Ջիմ Ռիշի խոսքով՝ ինքը դեմ է պատժամիջոցների մասին ցանկացած գործողությանը, քանի դեռ Էրդողանը Վաշինգտոնում է:
Սակայն սենատոր Բոբ Մենենդեսը կարծում է, որ հանձնաժողովը պետք է այդ օրինագծին կողմ քվեարկեր հաջորդ շաբաթ: Մենենդեսը խոստովանել է, որ Ռիշը փոխել է այդ հարցով իր կարծիքը:
0Comments