Նույնիսկ քիչ վազելը նվազեցնում է վաղաժամ մահվան ռիսկը. հետազոտություն

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդների՝ 18-64 տարեկան մարդիկ պետք է շաբաթական 150 րոպե տրամադրեն չափավոր եւ 75 րոպե ակտիվ վարժություններին

Նույնիսկ քիչ վազելը նվազեցնում է վաղաժամ մահվան ռիկսը՝ պնդում են ավստրալացի գիտնականները, որոնք 232 149 մարդու մասնակցությամբ 14 հետազոտություն են անցկացրել: Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են British Journal of Sports Medicine-ում:

Ըստ վերլուծության՝ մարդկանց մոտ, ովքեր վազել են ցանկացած հեռավորությամբ, բոլոր պատճառներով մահվան ռիսկը եղել է 27%-ով ավելի ցածր, քան նրանց մոտ, ովքեր դա չեն արել: Վազքը նաեւ կապված է սրտանոթային հիվանդություններից եւ քաղցկեղից մահվան ռիսկի նվազեցման հետ՝ 30% եւ 23%, համապատասխանաբար:

Վիկտորիա համալսարանից հետազոտության առաջատար հեղինակ Ժելկո Պեդիշիչը նշել է, որ իրենց հետազոտության տվյալները կարող են մոտիվացնել ֆիզիկապես ոչ ակտիվ մարդկանց: Նա նաեւ նշել է, որ բուժաշխատողները երբեմն վախենում են խրախուսել վազքը՝ ենթադրելով, որ նման վարժությունները կարող են կապված լինել սրտի հանկարծակի կանգի հետ: Սակայն ավստրալացի գիտնականները համաձայն չեն այդ կարծիքին:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդների՝ 18-64 տարեկան մարդիկ պետք է շաբաթական 150 րոպե տրամադրեն չափավոր եւ 75 րոպե ակտիվ վարժություններին: