Մանկատան շրջանավարտներին բնակարաններ ենք գնում, բայց ես կնախընտրեի այս գումարը նրանց կրթության վրա ծախսված լիներ, որ ոչ մեկի կարիքը չունենային

Կառավարության որոշմամբ՝ պահուստային ֆոնդի հաշվին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվեց 2 մլրդ 380 մլն 457 հազար դրամ

Կառավարության որոշմամբ՝ պահուստային ֆոնդի հաշվին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվեց 2 մլրդ 380 մլն 457 հազար դրամ: 

Այս գումարից «Հայաստանի Հանրապետության Մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» միջոցառման համար կհատկացվի 1 մլրդ 900 մլն դրամ, «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության կազմակերպություններում գույքի և սարքավորումների ձեռք բերում» միջոցառման համար՝ 145 մլն 117 հազար դրամ, «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության շենքերի և բնակարանների ձեռքբերում և կահավորում» միջոցառման համար 270 մլն դրամ։

Նաև  նախարարության ենթակայության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքերի դրենաժային համակարգերի կառուցման նպատակով նախարարությանը կհատկացվի 43 մլն 300 հազար դրամ, «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և նախարարության ենթակայության կազմակերպություններում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում» միջոցառման համար կհատկացվի 22 մլն 40 հազար դրամ:

Վարչապետը կարևորեց նախագիծը և նշեց, որ տրամադրվող գումարով ՀՀ քաղաքներում հնարավոր է ձեռք բերել բնակարան, սակայն, եթե անձը ունի միջոցներ և ցանկանում է ձեռք բերել Երևանում, ապա այդ հնարավորությունը ևս ունի: «Այս խնդիրը մենք լուծում ենք խնայողությունների միջոցով, այսինքն՝ մեր հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքում գոյացված միջոցների հաշվին»,-ասաց նա: 

Վարչապետը նշեց, որ առողջական խնդիրներ ունեցողներին այս նախագծով կարելի է ասել՝ բանտային ռեժիմից տեղափոխում են ավելի ազատ ռեժիմի:

«Այս կարգի նախագծերը երկրի մակարդակը փոխող նախագիծ են, քանի որ շատ կարևոր է , թե ինչպես ենք վերաբերվում այդ մարդկանց: Ես ուզում եմ խոստովանություն անել. հիմա մենք այդ մարդկանց բնակարաններ ենք գնում և շատ ճիշտ ենք անում, բայց ես այս հարցում մեծ հաշվով հայեցակարգային ռազմավարական խնդիր ունեմ, քանի որ կնախընտրեի այս գումարը կրթության վրա ծախսած լինեին, որ այդ մարդիկ ոչ մեկի կարիքը չունենային: Օրինակ՝ կրթություն ստանային, գնային վարձով ապրեին, աշխատանքի ընդունվեին, օրինակ՝ ՏՏ ոլորտում, իրենց վաստակած աշխատանքով հիպոթեքային վարկ վերցնեին և գնեին բնակարան: Այսօր այդպիսի վերաբերմունք չենք կարող ունենալ, քանի որ քսան տարի առաջ այս քաղաքականությունը չի վարվել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ցավ է զգում, որ այդպիսի լուծում չեն կարող տալ: «Այո բնակարան տվեցինք, հետո ի՞նչ է լինելու, ի՞նչ երաշխիք ունենք, որ թեկուզ կարիքից ելնելով նրանք չեն վաճառելու այդ բնակարանը: Սա մենք անում ենք մեզ հանգիստ զգալու համար, սակայն ռազմավարական առումով մեր խնդիրը պետք է լինի կրթություն տալը»,-ասաց նա:

Վարչապետը տարեցների խնամքի, գիշերօթիկ հաստատությունների խնամքի, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի այսօրվա գործող համակարգերը համարեց հուսահատության համակարգեր: «Քննադատությունները շատ ուշադիր պետք է լսենք, բայց նրանք, ովքեր պիտի ասեն՝ «վայ, էս մեր աշխատատեղը կրճատում եք», «էս ի՞նչ եք անում գիշերօթիկ հաստատության հետ», դա չի լսվելու, որովհետև նրանցից պատասխան ենք պահանջելու, թե այդ երեխաների, ծերերի նկատմամբ ինչ խնամք է տարվել»,-ասաց նա: 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեկ տարվա մեջ կենսաթոշակների ու նպաստների համակարգում 3-4 միլիարդ դրամ կարելի է խնայել: «Բա ո՞ւր են եղել նախկին տարիներին այդ 3-4 միլիարդները, որովհետև ամբողջ համակարգը ծառայեցվել է մի բանի՝ հնարավորինս հուսահատեցնել մարդկանց, նրանց հնարավորինս ծնկած վիճակի բերել: Ոչ մի բան չի մոռացվում, ոչինչ չի մոռացվել: Ամեն ինչի համար պետք է պատասխան տրվի, ես չգիտեմ էդ պատասխանատվությունը կլինի քրեական, վարչական, քաղաքական, թե բարոյական, բայց պատասխանատվությունն անխուսափելի է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ իրեն ներկայացված բոլոր այդպիսի սոցիալական ծրագրերին՝ ինքը կարճ հաղորդագրություն է հղել՝ դուխով շարունակեք: