Facebook-ը ճնշումներ է գործադրել մրցակիցների նկատմամբ՝ օգտագործելով օգտատերերի տվյալները

Որոշ դեպքերում Facebook-ը «պարգևատրել» է գործընկերներին՝ նրանց արտոնելով մուտք գործել օգտատերերի տեղեկատվական դաշտ

Facebook սոցիալական ցանցը մրցակիցների վրա ճնշումներ է գործադրել՝ օգտագործելով օգտատերերի տվյալները: Այս մասին տեղեկացնում է NBC-ն՝ հղում անելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերին:

Խոսքը սոցիալական ցանցի մոտավորապես 7000 էջ «արտահոսած» տվյալների մասին է, որոնցից 4000-ը ներքին հաղորդագրություններ են չաթերում, նշումները, էլեկտրոնային աղյուսակները, որոնց հիմնական մասը 2011-2015 թվականներին են պատկանում:

Այս ամենը ցույց է տալիս, թե ինչպես է Facebook-ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգն ընկերության ղեկավարության հետ միասին օգտատերերի տեղեկությունները, այդ թվում՝ ընկերների ցանկը, հարաբերությունների մասին գրառումը և լուսանկարներն օգտագործելու միջոց գտել, որպեսզի ազդի գործընկեր կազմակերպությունների վրա:

Որոշ դեպքերում Facebook-ը «պարգևատրել» է գործընկերներին՝ նրանց արտոնելով մուտք գործել օգտատերերի տեղեկատվական դաշտ: Օրինակ, այդպիսի արտոնությունից օգտվել է Amazon ընկերությունը, քանի որ այն գումար է վճարում Facebook-ին գովազդի համար: Մեկ այլ դեպքում Facebook-ը զրկել է MessageMe հաղորդագրությունների փոխանակման ծրագրին գովազդի հնարավորությունից, քանի որ այն բավականին արագ էր տարածում գտնում և կարող էր մրցակցել Facebook-ի հետ: