Մարդկանց ձեթով ու բրնձով տարել են քվեարկության

Ձեթը բաժանել են աղքատության մեջ պահելու համար

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր Հայաստանում սակավագիտության և բացամտության պայքար է տեղի ունենում:

«Մարդկանց անընդհատ ինչ-որ անհեթեթ վախեր ներշնչելով, օգտվելով մարդկանց տեղեկացվության պակասից, ինչ-որ կեղծ կարգախոսներ դնելով շրջանառության մեջ՝ փորձում են վախեցնել: Եթե որևէ մեկին թվում է, թե դրանով կարող են վախեցնել մեզ, իրենք սխալվում են: Նրանք հանրությանը որևէ բան ներշնչելու շանս չունեն, քանի որ հանրության կողմից մերժված են ու մղված են լուսանցքից, որտեղ երբեք դուրս չեն գալու»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ կարևոր է, որ պրոցեսի ընթացքում պաշտոնյաները հանրության հետ մշտապես լինեն երկխոսության մեջ:

«Մենք պետք է նաև ընդունենք, որ մեր մեղքով հանրությունն ամենայն մանրամասնությամբ չի ընկալում, թե մենք ինչ ենք անում և ինչի համար: Մենք պետք է ապահովենք, որ մեր գործունեության վերաբերյալ թյուր ըմբռնումներ, թերտեղեկացվածություն չլինի: Մարդիկ պետք է տեսնեն, թե մենք ինչ ենք անում և ինչու, ինչու է դա անհրաժեշտ: Ձեթը բաժանել են ոչ թե աղքատությունից ազատելու, այլ աղքատության մեջ պահելու համար, որպեսզի հաջորդ ընտրություններում մարդկանց ձեթով ու բրնձով տանեն, քվեարկություն անել տան: Այդ պրակտիկան Հայաստանում ավարտված է»,- ասաց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ վերոնշյալի փոխարեն իրենց կառավարությունը հնարավորություններ է ստեղծում աշխատելու ու սեփական աշխատանքով աղքատությունը հաղթահարելու համար: Կառավարության ղեկավարը նաև կարևորեց պատշաճ կրթությունը՝ նշելով, որ միայն դա է հնարավորություն տալու մրցունակ լինել: