Նախարարի հետողորմյա ֆռռիկը. «Հրապարակ»

Ի՞նչ է ստացվում, քաղաքականությունը, որ իրականացվում է յուրայինների կտրվածքով, թու՞յլ է տալու ԲՈՒՀ-ի ղեկավարին ինքնուրույն որոշում կայացնելու

 

 

Մարդկանց «ֆռռցնելն այնքան էլ հեշտ չէ»՝ ի՞նչ իմաստով։ Շատ վտանգավոր է, երբ «ֆռռցնողի խաղը» զգում են։ Դա հավասարազոր է պարտության։

ԿԳՍՄ նախարարը, տեսնելով, որ իր  «գիտական առաջխաղացումը դիմակայության է հանդիպել, որոշեց «ֆռռցցնել բողոքավորներին», մի երկար դավթար գրառում անելով ֆեյսբուքյան իր էջում։ Հիմնական միտքը ներկայացնող հատվածն եմ մեջբերում, որից առանց բացատրության էլ պարզ կլինի, թե նախարարը որ կետում է «ֆռռցնում բողոքավորներին»․

Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan

Ի պատասխան «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի ներկայացրած աշխատանքային տարբերակում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ուսուցանվող պարտադիր առարկաների ցանկից հանելու առաջարկի վերաբերյալ հարցումների և առկա դժգոհությունների, հայտնում ենք․

-Թեպետ աշխատանքային քննարկման նպատակով ուղարկված օրենքի նախագծի վերաբերյալ բուհերից այս հարցին առնչվող դիտողություններ ու առաջարկներ գրեթե չեն ստացվել, սակայն օրենքի նախագծով լայն ինքնավարություն է տրվում բուհերին՝ որոշելու ուսումնական և գիտական ծրագրերի բովանդակությունը։ Հետևաբար, նախագծի ընդունումից հետո յուրաքանչյուր բուհի գիտական խորհուրդ կարող է որոշում կայացնել, որ այս առարկաները պարտադիր պետք է դասավանդվեն բոլոր ֆակուլտետներում։

Տեսեք ինչ հետաքրքիր ֆռռիկ է։ Երևի  Փաշինյանի հետ հանդիպելուց հետո են որոշել, ժամային առումով ոնց որ թե համընկնում է։ Հիշում եք Երեվանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին հեռացնելու համար ինչ պայքար էր մղվում։ Ես դա կանվանեի պատերազմական վիճակ, երբ զենքի թույլատրելիության ոչ մի սահմանափակում չկար։ Մարդը զգաց, որ իրեն ինֆարկտի են հասցնելու և հրաժարականի դիմում գրեց։ Մնացած ԲՈՒՀ-երի ղեկավարների,  գիտական խորհուրդները փոխելու մասով չհիշեցնեմ։ Ովքեր էլ որ մնացին, համոզված եմ,  «ներքին մաշկափոխության են ենթարկվել»։ Ինչևէ, Արայիկ Հարությունյանն առաջարկում կամ ավելի ճիշտ հիշեցնում  է մի բան, որ պիտի որոշեն ԲՈՒՀ-երի ղեկավարները, գիտական խորհուրդները,  որովհետև ինչպես նա է գրառման մեջ ասում Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի աշխատանքային նախագծով յուրաքանչյուր բուհ իրավասու է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել պարտադիր։

Ի՞նչ է ստացվում, քաղաքականությունը, որ իրականացվում է յուրայինների կտրվածքով, թու՞յլ է տալու ԲՈՒՀ-ի ղեկավարին ինքնուրույն որոշում կայացնելու։ Բոլորս տեսնում ենք, որ վարչապետի նշանակած կադրերը «ծածառ են անում» (ծածա՛ռ՝ կանգնե, չորեքթաթ վիճակից կանգնելու առաջին փորձերն անող երեխային քաջալերանք)։   Վարչապետը նորելուկ երեխային ոտքի կոչելու նշանակությամբ նրանց թևատակերից բռնած ուղեկցում է՝ հանկարծ չընկնեն, չսայթաքեն․․․ Թույլ կադրերը ենթադրում է կախվածություն։ Նման թույլ, ենթակա կադրերով հնարավո՞ր է որևէ ինքնուրույն բան անել։ Իհարկե, ոչ։ Այ հենց սա է Արայիկ Հարությունյանի «ֆռռիկը», որի հեղինակը դժվար է հավատալ, որ ինքն է։ Եթե ինքը լիներ, սկզբից ևեթ կասեր, գրում է hraparak.am