Սմարթֆոն՝ երեխայի համար. ե՞րբ գնել և ինչպե՞ս վերահսկել

Պետք է հետևել
Live24.am-ը ներկայացնում է

1

Ժամանակակից աշխարհում առանց սմարթֆոնների «գոյատեւելն» անհնար է: Դրանք արդիական եւ պահանջված են նաեւ երեխաների շրջանում: Շատ ծնողներ պատճառաբանում են, թե սմարթֆոնը երեխայի հետ կապը պաշտպանելու համար է:

Եկեք տեսնենք, թե մասնագետները ինչ են խորհուրդ տալիս այս առումով:

«Մեր օրերում ընդունելի է երեխայի համար սմարթֆոն գնել, երբ նա 12-14 տարեկան է: Սակայն պետք է հաշվի առնել՝ արդյոք Ձեր երեխան բավարար հասուն է՝  նորագույն տեխնոլոգիաների կիրառման համար»,- ասում է մանկաբույժ Դեւիդ Հորնիկը եւ առաջարկում հասկանալ, թե որ դեպքերում է երեխային անհրաժեշտ սմարթֆոն եւ ինչ է պետք անել, որպեսզի երեխան չափից շատ չտարվի դրանով:

Դպրոցական երեխաներին, որոնք օրվա մի հատված մնում են առանց ծնողների, կարող է անհրաժեշտ լինել սմարթֆոն՝ ծնողների հետ կապը պահելու համար: Սակայն եթե նպատակը միայն զանգելն ու SMS գրելն է, ապա բջջային հեռախոսը (ոչ սմարթֆոն) միանգամայն բավարար է:

Ծնողները երեխաների համար պետք է սահմանեն սմարթֆոն գործածելու սահմանափակումներ: Օրինակ՝ օրվա մեջ քանի ժամ է կարելի սմարթֆոնով զբաղվել կամ որ դեպքերում չի կարելի (օրինակ՝ ընտանեկան ընթրիքի սեղանի շուրջ եւ այլն):

Եթե երեխան գրանցված է սոցցանցերում, ապա ծնողները պետք է հետեւեն նրա էջերին: Բացի այդ, պետք է սահմանափակել նաեւ էջերի քանակը: Միանգամից մի քանի սոցցանցում գրանցված լինելը շատ ժամանակ կխլի երեխայից եւ կախվածություն կառաջացնի:

Կարեւոր է նաեւ, որպեսզի երեխան քնելուց առաջ սմարթֆոնով չզբաղվի: Քնելուց մոտ մեկ ժամ առաջ պետք է վերցնել երեխայի ձեռքից սմարթֆոնը: Միջին դասարանների երեխաները սովորաբար քնում են 30 րոպեի ընթացքում, եւ սմարթֆոնով տարվելը կարող է խախտել այդ ժամանակահատվածը:

Պետք է հետեւել, թե ինչ կայքեր է այցելում երեխան: Իհարկե, ծնողները որոշ կայքերի համար կարող են սահմանափակումներ մտցնել սմարթֆոնում, սակայն պետք չէ մոռանալ, որ ցանկության դեպքում երեխան եղանակներ կգտնի՝ շրջանցելու այդ արգելքները: 

Սմարթֆոնից երեխայի կախվածությունը բացառելու համար ծնողն ինքը պետք է լինի օրինակ: Եթե Դուք ինքներդ ամբողջ օրը աչք չեք կտրում սմարթֆոնի էկրանից, ապա երեխան կարող է հետեւել Ձեր օրինակին: