Էրդողանի ամերիկյան այցը կարող է չեղարկվել. Իբրահիմ Քալըն

Վերջնական որոշումը կկայացվի մի քանի օրվա ընթացքում

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն անդրադարձել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նոյեմբերի 13-ի համար նախատեսված ամերիկյան այցին, գրում է Ermenihaber-ը։

«Նախագահի ԱՄՆ մեկնելու հարցի վերաբերյալ մեր քննարկումները շարունակվում են։ Եթե մեր կասկածները չփարատվեն, հնարավոր է, որ այցը չկայանա։ Վերջնական որոշումը կկայացվի մի քանի օրվա ընթացքում»,- հայտարարել է Քալընը։

Նա հավելել է, որ Էրդողանի այցը պլանավորվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերի հիման վրա։ Այցի նպատակը այնպիսի օրակարգային հարցերի քննարկումն էր, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը, սիրիական հարցը, թուրք-ամերիկյան ռազմարդյունաբերական համագործակցությունը, երկկողմ առևտրաշրջանառության խթանումը և այլն։