Իրաքում ինտերնետն անջատել են բողոքների ֆոնին

Փողոցներ դուրս եկած մարդիկ Բաղդադում եւ մյուս քաղաքներում պահանջում են Ադել Աբդել Մահդիի կառավարության հրաժարականը

Բաղդադը եւ Իրաքի շրջանների մեծ մասը լիովին կտրված է ինտերնետից երկրում անկարգությունների սաստկացման համատեքստում։ Այս մասին ասվում է NetBlocks միջազգային հասարակական կազմակերպության կայքում։

Նրա տվյալներով՝ առանց ինտերնետի են մնացել Բաղդադի, Բասրայի, Քարբելայի եւ այլ քաղաքների տասնյակ միլիոնավոր բնակիչներ։ Նշվում է, որ ինտերնետի անջատումն ամենամասշտաբայինն է ցույցերն սկսվելուց ի վեր։ Սահմանափակումները չեն վերաբերել քրդաբնակ բնակավայրերին երկրի հյուսիսում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Հոկտեմբերի 1-ին Իրաքում սկսվել են հակակառավարական ցույցեր՝ ի նշան վատ կենսապայմանների, գործազրկության եւ կոռուպցիայի դեմ բողոքի։ Փողոցներ դուրս եկած մարդիկ Բաղդադում եւ մյուս քաղաքներում պահանջում են Ադել Աբդել Մահդիի կառավարության հրաժարականը, իսկ մի շարք վայրերում, ներառյալ մայրաքաղաքը, խաղաղ ցույցերը վերածվել են զանգվածային անկարգությունների եւ բախումների ուժայինների հետ։ Հոկտեմբերի 2-ին Բաղդադում ինտերնետն ամբողջությամբ անջատվեց, վերականգնվեց միայն հոկտեմբերի 11-ին։ Al Sumaria հեռուստաալիքը տեղեկացրեց, որ ինտերնետի անջատումը զանգվածային բողոքների ֆոնին Իրաքի վրա 1 մլրդ դոլար է նստել։