Որևէ ապօրինի բան մենք չենք արել. Լևոն Քոչարյանն՝ իրենց ընտանեկան կարողության մասին

Ասում են, թե մեր ընտանիքի կարողությունը հասնում է 4 միլիարդի, նաև ցուցակ է հրապարակվել, թե ինչ է մեզ պատկանում, սակայն դա իրականությանը չի համապատասխանում

Լևոն Քոչարյանը շատ ուրախ է ու շնորհակալ Վիտալի Բալասանյանին ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի ակցիա անելու համար: Այս մասին նա հայտնել է դատարանում՝ լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով ակցիաներին, վերջինս հայտնել է, որ չգիտի, թե  նման ակցիաներն արդյունք կտան. «Խնդիր կա առհասարակ մարզերում մարդկանց իրազեկելու, թե ինչ է այստեղ կատարվում: 10 տարի շարունակ սուտ է տարածվել մեր ընտանիքի հասցեին: Մենք չենք արձագանքել: Մեր մեղավորությունը կա, որ մենք լռել ենք: Ասում են, թե մեր ընտանիքի կարողությունը հասնում է 4 միլիարդի, նաև ցուցակ է հրապարակվել, թե ինչ է մեզ պատկանում, սակայն դա իրականությանը չի համապատասխանում: Հիմա ո՞վ պետք է պատասխան տա, որ մեր ընտանիքի մասին սուտ ու կեղծիք է տարածվել»:

Հարցին, թե որքան է կազմում իրենց ընտանիքի կարողությունը՝ Լևոն Քոչարյանը նշել է, որ որևէ բան չեն թաքցնում, ամեն ինչ գրանցված է. «Հիմա իշխանություններն ինչ-որ բան բացահայտում անելու խնդիր չունեն, կա նշանակված մեղավոր և ամեն ինչ արվում է նրան վարկաբեկելու համար: Եթե ժամանակին դա անում էին որպես թերթի խմբագիր, հիմա դա անում են ավելի մեծ լծակներով: Եթե բանը հասնի դրան, մենք պատրաստ ենք: Սակայն ես չեմ բացառում, որ նոր քրեական գործեր կսարքեն, դրա համար նպատակահարմար չեմ գտնում թիվ հրապարակել: Բացի դրանից, ես թիվ չգիտեմ: Ուղղակի կասեմ, որ որևէ ապօրինի բան մենք չենք արել ու ամեն ինչ գրանցված է»: