Կենդանաբանական այգու աշխատակիցները մտել են իմ բակ, քնացրել շներիս ու գողացել. հովվաշների խնամող

Իմ շները օրը երկու անգամ ճաշ են ուտում, հացի խնդիր չունեն, որ գնան ինչ-որ կենդանու հոշոտեն

Ըստ պաշտոնական տեղեկատվության, օրերս Երևանի Կենդանաբանական այգու 3 կենգուրուի և 3 մուֆլոնի հոշոտել են շները: Այնուհետև այգու աշխատակցիները սկսեցին տարածքի շներին բռնել: Պարզվում է նաև, որ այգու աշխատակիցները քնեցրել ու բակից տարել են տարածքում բնակվող Արմենի հովվաշներին։

«Իմ նպատակն է, որպեսզի շներիս հետ տան, ուրիշ ոչ մի բան։ Նրանք մտել են իմ բակ, քնացրել շներիս ու տարել: Ես չեմ ուզում շների հարցը քաղաքականացնել, ուղղակի իմ շներին եմ հետ ուզում»,-Analitik.am-ին ասաց օրերս Երևանի Կենդանաբանական այգու աշխատակիցների կողմից բռնած հովվաշների խնամող Արմենը և հավելեց, որ ինքը տանը չի եղել, եկել շներին քնացրել ու տարել են: Բակում ներարկիչ է գտել ու հասկացել է, որ այգու աշխատակիցները պարզապես իր շներին բակից գողացել են:

«Տանը չեմ եղել, երևի բախտս բերել է, որ տանը չեմ եղել, երբ շներիս տարել են, թե չէ արյուն կթափվեր՝ հաստատ: Ոնց կարելի է գալ, մտնել ուրիշի բակ, կենդանուն բռնել-տանել՝ գողություն է»,-շեշտեց նա և հավելեց, որ իր հովվաշների վրա մեծ գումարներ է ծախսել, և իր շները պատահական և թափառող կենդանիներ չեն, կերակրում է, խնամում:

«Իմ շները օրը երկու անգամ ճաշ են ուտում, հացի խնդիր չունեն, որ գնան ինչ-որ կենդանու հոշոտեն: Եթե կենդանին սոված չի՝ որևէ մեկի վրա չի հարձակվում: Նույնիսկ առյուծը, եթե սոված չի՝ ոչ մեկին ձեռք չի տալիս»,-ասաց նա:

Արմենը նաև հավելեց, որ իր տունը հարակից է կենդանաբանական այգուն և տարածքի շների ոհմակից տեղյակ է, քանի որ տարածքում շրջում են և աղմուկ բարձրացնում: Ինքն էլ է ժամանակ առ ժամանակ զանգում համապատասխան ծառայություն՝ թափառող շների խնդրով. անգամ իր շների հետ են կռվել:

Նա նաև ասաց, որ իր շները փարթամ են և Կենդանաբանական այգուն երևի պետք էր խոշոր շներ ցույց տային ու գլխաքանակ հավաքեին՝ դրա համար էլ իր շներին են տարել:

«Իմ շներից մեկը 11 տարեկան է, ծերացել է, սպիտակել է դունչը, և այն ճկունությունը չունի: Իմ շները մենակ ինձ հետ են դուրս գալիս, պտտվում տարածքում, մենակ երբեք բակից դուրս չեն գալիս»,-ասաց Արմենը:

Տարածքի բակերում ևս շներ կան, սակայն, ըստ Արմենի, բակերը պարսպապատ են և որևէ մեկը չի կարող ներս մտնել, իսկ իր բակը՝ պարսպապատ չէ, դրա համար էլ կարողացել են հանգիստ մտնել բակ:

Արմենը միայն երեկոյան է հասկացել, որ շներին Կենդանաբանական այգու աշխատակցիներն են տարել, երբ հեռուստացույցով վանդակների մեջ տեսել է իր շներին:

Արմենին արդեն ասել են, որ շները ագրեսիվ չեն և կվերադարձնեն, նա էլ խնդրել է ոչինչ չանել շների հետ, քանի որ թափառող կենդանիներ չեն, այլ ենթարկվող, հասկացող և տան պահած շներ են:

Գոհար Ստեփանյան