Որևէ պատճառաբանություն չկա, թե ինչու պետք է Ակադեմիայի վերաբերյալ օրենքը, որը տարիներ շարունակ մշակվել էր, գրչի մեկ հարվածով վերանա

Շուրջ 500 մասնագետներ միացել են պահանջին, որպեսզի օրենքի նախագիծը հանվի և նոր նախագիծ դրվի շրջանառության մեջ

168.am-ը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նախագծի շուրջ զրուցել է Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանի հետ։

Հիշեցնենք, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի  աշխատանքային տարբերակը ներկայացվել է բարձրագույն ուսումնական հաստատություններին: Նախագծում կան  առաջարկներ, ըստ որոնց՝ Հայոց լեզու, Գրականություն ու Հայոց պատմություն առարկաները բուհերում կդարձնեն  ոչ պարտադիր, և ԳԱԱ-ի ինստիտուտները կմիացնեն բուհերին։

Խորհրդային համակարգի հետ Ակադեմիայի այս համակարգը որևէ առնչություն չունի

– Մեզ մոտ բերում են Արևմուտքի օրինակը, Արևմուտք ասելով՝ նկատի ունեն Եվրոպան և Միացյալ Նահանգները։ Բայց իրականության մեջ այս համակարգը գոյություն ունի միայն Միացյալ Նահագներում, որովհետև գիտության զարգացման ակադեմիական համակարգը եկել է լատինական ժամանակներից, հին Իտալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից։ Մինչև այժմ այդ երկրներում գիտությունների ակադեմիա կա տարբեր անվանումներով։ Այս ամենի իմաստը հետևյալն է՝ մարդիկ զբաղվում են միայն գիտությամբ, այլ աշխատանքով չեն զբաղվում՝ թեկուզ դասավանդմամբ։ Իսկ ամերիկյան համակարգում գիտությունը և կրթությունը միասնական՝ համալսարանական համակարգով են։ Այսինքն՝ մարդը թեթև ծանրաբեռնվածության պայմաններում, տարեկան  ընդամենը 200 ժամ դասավանդում է,  իսկ մնացած ժամանակ զբաղվում է գիտությամբ։ Ամերիկյան համակարգին ընդօրինակելով՝ մարդիկ կարծում են, որ կարելի է ակադեմիաները վերացնել և ակադեմիական համապատասխան ինստիտուտները միացնել բուհական համապատասխան ֆակուլտետներին։ Նման բան են արել Ղազախստանում և Վրաստանում, երկու երկրներում էլ իրենց արածի համար զղջում են, քանի որ նման պայմաններում գիտական պոտենցիալը, կարող եմ ասել, որ ուղղակի տկարացավ։

Միայն Վրաստանի օրինակը բերեմ, որտեղ Պատմության և հնագիտության ինստիտուտն ուներ  շուրջ 200 գիտական աշխատող, իսկ հիմա այնտեղի պետական համալսարանն ունի շուրջ 50 գիտնական, որոնք ֆինանսական առումով գտնվում են բավականին ծանր պայմաններում։ Կարծում եմ՝ ակադեմիական համակարգը, որը, ասում եմ` գալիս է Եվրոպայից, շատերը կա՛մ չգիտեն, կա՛մ էլ մանիպուլյացիա են անում, թե  իբրև Գիտությունների ազգային ակադեմիայի այս համակարգը Խորհրդային Միության ժամանակների վերապրուկ է։ Ուստի, կարծում են, որ այն պետք է վերացնել և անցնել ամերիկյան մոդելին։ Խորհրդային համակարգի հետ ակադեմիայի այս համակարգը որևէ առնչություն չունի։ Սա եվրոպական համակարգ է, որն իրեն արդարացրել է, ուստի եվրոպական երկրները շարունակում են այդ կարգը պահպանել, և մարդն ամբողջապես ազատ է շաբաթվա ընթացքում միայն գիտությամբ զբաղվելու համար։

42 էջանոց փաստաթղթում ընդամենը 11 տող է հատկացված ԳԱԱ-ին

– Այս օրինագծի հետ կապված, ցավոք, մեզ հետ որևէ հանդիպում չի եղել։ Գարնանը տեղի է ունեցել Ակադեմիայի ընդհանուր ժողով, որին ներկա է եղել ՀՀ վարչապետը, Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարը, որտեղ նման հարց չի քննարկվել, որ շրջանառության մեջ կարող է դրվել Կրթության և գիտության մասին  օրինագիծ։ Նախկինում Կրթության և գիտության վերաբերյալ օրենքի նախագծեր էին շրջանառվում, որի հիման վրա օրենքներ հաստատվեցին, իսկ այժմ այդ երկուսը միացրել են իրար և դարձրել են մեկ օրենք, և նույնիսկ ԵՊՀ-ի, Գիտությունների ազգային ակադեմիայի մասին օրենքները դարձրել են մեկ օրենք, սա՝ այն դեպքում, երբ 2011 թվականին հատուկ օրենք էր ընդունվել ԳԱԱ-ի մասին։ Իսկ այս նախագծում՝ 42 էջանոց փաստաթղթում, ընդամենը 11 տող է հատկացված Ակադեմիային, որի մի մասով՝ առաջին կետի համաձայն, չեղարկվում է 2011 թվականին ընդունված օրենքը, ինչը մեզ համար միանգամայն անընդունելի է։ Որևէ պատճառաբանություն չկա, թե ինչու պետք է Ակադեմիայի վերաբերյալ օրենքը, որը տարիներ շարունակ մշակվել էր, գրչի մեկ հարվածով վերանա։

Ի դեպ, այս նոր նախագծում՝ երկրորդ կետում, գրված է, որ Ակադեմիան գիտական աստիճաններ ունեցողների ինչ-որ կազմակերպություն է, հանրույթ, և վերջ. սա է Ակադեմիայի վերաբերյալ այդ նախագծում տեղ գտած ամբողջը։

Անընդունելի է այլ երկրներից ընդօրինակելը, քանի որ մենք գտնվում ենք բարդ աշխարհաքաղաքական իրողությունների մեջ

– Ի՞նչ է նշանակում՝ բուհերից հանել Հայոց լեզու, Գրականություն և Հայոց պատմություն առարկաները։ Անընդունելի է այլ երկրներից ընդօրինակելը, քանի որ մենք գտնվում ենք բարդ աշխարհաքաղաքական իրողությունների մեջ։ Մենք պետք է ոչ միայն մասնագետներ պատրաստենք բուհերում, այլև լիարժեք քաղաքացի, ազգային նկարագիր ունեցող, աշխարհայացք, հայեցի մտածելակերպ ունեցող քաղաքացիներ, որպեսզի վաղը, հարկ եղած դեպքում, ինչպես, օրինակ, եղավ 2016 թվականի ապրիլին, երբ ազգը մեկ մարդու նման ոտքի կանգնեց, մարդիկ կարողանան երկիրը պաշտպանել, սիրել։ Այդ առարկաների դասավանդումը հենց այնպես, ինքնանպատակ չէ, դա ձևավորում է ազգային նկարագիր ունեցող մարդու: Թեկուզ ուսանողն անտարբեր լինի այդ առարկաների նկատմամբ, դասին ներկա գտնվելով՝ նրա մոտ ազգային մտածելակերպ է ձևավորվում։ Այդ առարկաների դասավանդումը՝ օրենքի դրական իմաստով, «պարտադրանքով» հենց այնպես չէ։ Ինքս Բժշկական համալսարանում 14 տարի Հայոց պատմություն եմ դասավանդել, լսարանը միշտ լեփ-լեցուն էր լինում, առարկայի նկատմամբ մեծ հետաքրքրություն կար։ Մենք ոչ թե դպրոցում անցած պատմությունն ենք վերապատմում, այլ հայոց պատմության հիմնահարցերն ենք դասավանդում: Այսինքն՝ անկյունաքարային հիմնահարցեր ենք մատուցում, որն առողջ բանավեճի և տրամաբանության խոսք է ձևավորում ուսանողի մոտ։ Կարծում եմ՝ պետք է օրենքի նոր նախագիծ դրվի շրջանառության մեջ, և այդ վտանգավոր կետերը պետք է անպայմանորեն հանվեն։

Շուրջ 500 մասնագետներ միացել են պահանջին, որպեսզի օրենքի նախագիծը հանվի և նոր նախագիծ դրվի շրջանառության մեջ
– Այս որոշումները չեղարկելու համար մենք այստեղ անելիքներ ունենք։
Ակադեմիական հայագիտական 10 ինստիտուտներով ժողովներ ենք հրավիրել, քննարկել օրենքի նախագիծը։ Այնուհետև  ընդհանուր ժողովի արդյունքում՝ հաստատել ենք մեր մերժողական կեցվածքը և հանդես ենք եկել հայտարարությամբ, որին միացել են ԵՊՀ-ի պատմության, բանասիրության  ֆակուլտետները, Հայագիտության կենտրոնը, Լեզվի ինստիտուտը։ Ստորագրահավաք է սկսվել, որը հասանելի է արդեն Ֆեյսբուքում. շուրջ 500 մասնագետներ միացել են այս պահանջին, որպեսզի օրենքի նախագիծը հանվի և նոր նախագիծ դրվի շրջանառության մեջ։