Չինաստանի օդանավակայաններում մարդկանց հույզերը ճանաչող տեխնոլոգիա են կիրառում

Տեսագրության օգնությամբ հույզերը ճանաչող տեխնոլոգիան կարող է արագորեն նույնականացնել հանցագործության մեջ կասկածվողներին
նոր տեխնոլոգիա

Չինաստանի մասնագետները մշակել են մարդկանց հույզերը ճանաչող տեխնոլոգիա, որն արդեն երկրի օդանավակայաններում եւ մետրոյի կայարաններում ներդրվում է հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող անձանց բացահայտելու համար: Այդ մասին նոյեմբերի 1-ին հայտնել է Financial Times բրիտանական թերթը, նշելով, որ նման համակարգի ստեղծման վրա աշխատում են ողջ աշխարհի մի ամբողջ շարք ընկերություններ, այդ թվում՝ Amazon-ը, Microsoft-ը եւ Google-ը։

«Տեսագրության օգնությամբ հույզերը ճանաչող տեխնոլոգիան կարող է արագորեն նույնականացնել հանցագործության մեջ կասկածվողներին, վերլուծելով նրանց հոգեկան վիճակը, ինչը թույլ է տալիս կանխել անօրինական գործողությունները, ներառյալ ահաբեկչությունը եւ մաքսանենգությունը,-հրատարակությունը մեջբերում է Չինաստանի հյուսիս-արեւմուտքի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի հասարակական կարգի պահպանման փորձագետ Լի Սյաոյույի խոսքը:-Մենք արդեն սկսել ենք այն կիրառել»: Այս տեխնոլոգիան հիմնականում օգտագործվում է մաքսատանը եւ օգնում է հայտնաբերել ագրեսիվության եւ նյարդայնության նշանները, ինչպես նաեւ սթրեսի մակարդակը եւ մյուսների վրա հարձակվելու մարդու կարողությունը, նշել է Լի Սյաոյույը:

«Մենք աշխատում ենք Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի ամենատարբեր ընկերությունների հետ, ներառյալ Hikvision-ը, Uniview-ը, Dahua-ն եւ Tiandy-ն,-շարունակել է փորձագետը:-Միայն այն ընկերությունները, որոնք նվաճումներ ունեն արհեստական ինտելեկտի ոլորտում, կարող են իրապես հաջողության հասնել այս բնագավառում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: