ԱՄՆ-ում գնահատել են Ռուսաստանի դեմ հնարավոր պատերազմում հաղթելու շանսերը

Հետազոտողները վստահ են, որ Միացյալ Նահանգները կարող է արդյունավետ ռազմական գործողություններ իրականացնել Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ խոշոր հակամարտության դեպքում

Ռուսաստանը դեռևս իրական ռազմական սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների համար, ինչպես նաև սպառնում է Եվրոպայում ամերիկյան կողմի շահերին: Այդ մասին ասված է ամերիկյան Heritage Foundation ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տարեկան զեկույցում, հաղորդում է Известия-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ զեկույցի հեղինակները պնդում են, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի հակառակորդն է և կարող է սպառնալ Միացյալ Նահանգներին ինչպես սովորական, այնպես էլ ոչ ավանդական միջոցներով:

500 էջանոց փաստաթղթում ներկայացվում է, որ Ռուսաստանը դրա համար ունի բոլոր հնարավորությունները՝ ցամաքային ուժերից մինչև ավիացիա, նավատորմից մինչև տիեզերական և կիբեր զենք:   

Զեկույցում նշված է, որ Մոսկվան գլոբալ սպառնալիք է ԱՄՆ-ի շահերին ինչպես ներկայում, այնպես էլ մոտ ապագայում: Վերլուծաբանները կարծում են, որ այդ դերը հետագայում կփոխանցվի Չինաստանին: Պեկինը զեկույցում նույնպես «ագրեսոր» է ներկայացվում:

Միացյալ Նահանգների համար, որպես սպառնալիք, նշվում են նաև Իրանը, ԿԺԴՀ-ն և միջազգային ահաբեկչությունը:

Հետազոտողները վստահ են, որ Միացյալ Նահանգները կարող է արդյունավետ ռազմական գործողություններ իրականացնել Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ խոշոր հակամարտության դեպքում: