Արդեն մանկության տարիներին կարելի է իմանալ, թե հիշողությունը որքանով կվնասվի ծերության շրջանում. գիտնականներ

Սոցիալ-տնտեսական ավելի բարձր կարգավիճակը նույնպես կանխորոշում էր 70 տարեկանում կոգնիտիվ ցուցանիշների մի փոքր բարելավում

Արդեն մանկության տարիներին կարելի է հասկանալ, թե հիշողությունը որքանով կվնասվի ծերության շրջանում, պնդում են Լոնդոնի Համալսարանական քոլեջի աշխատակիցները:

The Daily Mail-ը նշում է, որ 1946 թվականին ծնված 502 մարդու մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ 8 տարեկանում տարբեր խնդիրները լավ հաղթահարող երեխաները այդ հմտությունները պահպանում են ամբողջ կյանքի ընթացքում: 70 տարեկանից հետո կոգնիտիվ կարգավիճակը կարելի է նաեւ կանխատեսել՝ գնահատելով 53 տարեկանում կրթության եւ եկամտի մակարդակը:

Հետազոտության ժամանակ կամավորների վիճակը գնահատել են 8 տարեկանում եւ 69 ու 71 տարեկանների միջակայքում: Արդյունքում՝ թեստերը լուծելիս իրենց մնացալից ավելի լավ ցուցադրածները նույնիսկ 70 տարեկանում շարունակում էին թոփի մեջ մնալ: Ընդ որում՝ բարձրագույն կրթություն ստացածները մոտ 16 տոկոսով ավելի շատ էին միավոր հավաքում, քան դպրոցը մինչեւ 16 տարեկանը լքած նրանց տարեկիցները: Նույնպիսի միտում է դիտվել այն անձանց շրջանում, որոնք բարձր պրոֆեսիոնալիզմ պահանջող աշխատանքով են զբաղվել:

Սոցիալ-տնտեսական ավելի բարձր կարգավիճակը նույնպես կանխորոշում էր 70 տարեկանում կոգնիտիվ ցուցանիշների մի փոքր բարելավում: Ի դեպ, կանայք տղամարդկանցից ավելի լավ են հաղթահարում խնդիրները, որոնք մարտահրավեր են նետում հիշողությանը եւ մտածելու արագությանը, ասում են գիտնականները: