Ուժեղ թունամշուշի պատճառով Հնդկաստանի մայրաքաղաքում փակել են դպրոցները

Հնդկաստանի մայրաքաղաքի էկոլոգիական իրավիճակի վատացումը պայմանավորված է հարեւան նահանգներից եկող ծխով, որտեղ գյուղացիներն այրում են գյուղտնտարտադրանքի մնացորդները եւ այդկերպ դաշտերն ազատում նոր ցանքսի համար

Նյու Դելիի էկոլոգիական վիճակի կտրուկ վատացման պատճառով Հնդկաստանի մայրաքաղաքի իշխանությունները ստիպված են եղել փակել քաղաքի բոլոր դպրոցները մինչեւ նոյեմբերի 5-ը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Reuters-ին։

«Օդի խիստ աղտոտվածությունը, որը նկատվում է Նյու Դելիում երրորդ օրն անընդմեջ, արտակարգ իրավիճակ է ստեղծել քաղաքացիների առողջության ապահովման ոլորտում,- գործակալությունը մեջբերում է կառավարական փորձագետների հայտարարությունը։- Նման էկոլոգիական իրավիճակը (Հնդկաստանի մայրաքաղաքում) կհանգեցնի անբարենպաստ հետեւանքների ամբողջ բնակչության, հատկապես երեխաների առողջության համար»։

Այս եզրակացությունը հաստատում են օդի աղտոտվածության մոնիթորինգի տվյալները ՀՆդկաստանի մայրաքաղաքի տարբեր շրջաններում։ Այն, ըստ Reuters-ի, զգալիորեն գերազանցում է օդում PM 2.5 մասնիկների թույլատրելի մակարդակը։

РМ 2.5 մասնիկները չափազանց վտանգավոր են առողջության համար։ Դրանք կուտակվում են օրգանիզմում եւ առաջ բերում սիրտ-անոթային հիվանդություններ, շնչուղիների հիվանդություններ եւ թոքերի քաղցկեղ։

Հնդկաստանի մայրաքաղաքի էկոլոգիական իրավիճակի վատացումը պայմանավորված է հարեւան նահանգներից եկող ծխով, որտեղ գյուղացիներն այրում են գյուղտնտարտադրանքի մնացորդները եւ այդկերպ դաշտերն ազատում նոր ցանքսի համար։

Ինչպես հինգշաբթի ասել են առողջապահության մարմինների ներկայացուցիչները, աղտոտված օդը Նյու Դելիում քաղաքացիների կյանքը կարճացնում է մոտ յոթ տարով։