Երեւանի կենդանաբանական այգու աշխատակազմը տարակուսանքի մեջ է. չեն հասկանում՝ ինչպես եղավ, որ 2 օրվա մեջ 2 հարձակում գրանցվեց, երկուսն էլ ավարտվեցին կենդանիների հոշոտման դեպքով։ Հիշեցնենք, որ նախօրեին 3 կենգուրուների հոշոտումից հետո այս գիշեր Երեւանի կենդանաբանական այգում շների ոհմակը հարձակվել եւ հոշոտել է 3 մուֆլոնի։
«Երեկվա դեպքից հետո անվտանգությունն ուժեղացրել էինք եւ մեզ համար էլ էր զարմանալի, թե ինչպես են հարձակվել։ Չնայած ուժեղացված ծառայություն է եղել, շներն ավելի հնարամիտ են գտնվել»,– լրագրողների հետ զրույցում ասաց այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին, մոտավորապես ժամը 06:00-ի սահմաններում։ Այդ պահին մուֆլոնների ազատավանդակի մոտ աշխատակիցներ չեն եղել, հոշոտված մուֆլոններին հայտնաբերել են առավոտյան։ Այգու տեսախցիկները շների ոհմակը չեն ֆիքսել։
Կենդանաբույժը չի բացառում , որ նույն ոհմակի կողմից է եղել հարձակումը։ Նրա խոսքով՝ թեեւ ազատավանդակի պատը բավական բարձր է, ու շների համար պետք է դժվար լիներ ներս թափանցելը, այնուամենայնիվ, մասնագետները կենդանիների վնասվածքներն ուսումասիրելով՝ հաստատել են, որ կենդանիները շների հարձակման զոհ են դարձել։
Անձնակազմի կարծիքով՝ շների հարձակումից պաշտպանվելու լավագույն միջոցը այգու շուրջ պատնեշ կառուցելն է, որի հարցը դեռ չի լուծվում։
Նշենք, որ այսօր առավոտյան փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին առաջարկել է հրաժարական տալ։ Կարճ ժամանակ անց տնօրենը հրաժարական էր տվել։
Մամուլում տեղեկություններ կան, որ դրանից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել այգու 80 աշխատակից։ Այս տեղեկությունը հերքեց Ռուբեն Խաչատրյանի օգնական Վալյա Մարգարյանը, թեեւ չբացառեց, որ կարող են լինել հրաժարականներ։
Նշենք, որ այսօր 16։00 Երեւանի կենդանաբանական այգում նախատեսված է քննարկում այգու աշխատակիցների մասնակցությամբ։ Հնարավոր է, որ քննարկմանը մասնակցեեն ազատման դիմում գրած տնօրենը եւ քաղաքապետարանի աշխատակիցները։
0Comments