Պուտինն արձագանքել է Կալինինգրադում բնակվող հայի՝ տարածաշրջանային ծրագրին գումար հատկացնելու խնդրանքին

Ամբողջովին համաձայն եմ ձեզ հետ, այդ հարցն անպայման պետք է լուծում գտնի և ոչ միայն երիտասարդների համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կալինինգրադի մարզում սոցիալական ակտիվիստների հետ հանդիպմանն արձագանքել է Համառուսական ազգային հիմնադրամի տարածաշրջանային կենտրոնակայանի անդամ Սուրեն Մանուկյանի խնդրանքին։

Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, վերջինս ՌԴ նախագահին պատմել է, որ Կալինինգրադի մարզում բնակվող երիտասարդները ցանկանում են ճանապարհորդել՝ մեկնել Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և ՌԴ այլ քաղաքներ, սակայն ուղևորությունները ներքին ուղղություններով հաճախ ավելի թանկ են լինում, քան միջազգային ուղղություններով։

Սուրեն Մանուկյանը Պուտինին խնդրել է մեծացնել տարածաշրջանային ծրագրի պետական ֆինանսավորումը, որը թույլ է տալիս երիտասարդությանը ճանապարհորդական և կրթական նպատակներով շրջագայել ՌԴ քաղաքներում։

«Ամբողջովին համաձայն եմ ձեզ հետ, այդ հարցն անպայման պետք է լուծում գտնի և ոչ միայն երիտասարդների համար, այլ նաև բոլոր տարիքի անձանց։ Մենք սուբսիդավորում ենք և հետագայում էլ կսուբսիդավորենք, կարծում եմ, որ դա բավական չէ, որ պետք է հավելյալ քայլեր ձեռնարկել, որպեսզի հեշտ և շահեկան լինի մեկնել Կալինինգրադ կամ Կալինինգրադից, քան դեպի  արտասահման»,- ասել է Պուտինը՝ խոստանալով քննարկել Սուրեն Մանուկյանի առաջարկը։