ՌԴ-ն աջակցում է ԵԱՀԿ գործունեությանը՝ ԼՂ հակամարտության կարգավորում որոնելու հարցում․ Լավրով

Մոսկվայի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ապրիլին Մոսկվայում կայացած Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը

«Ռուսական կողմն աջակցում է ԵԱՀԿ գործունեությանը՝ ԼՂ հակամարտության կարգավորման որոնման հարցում։ Մենք աջակցում ենք ԵԱՀԿ գործունեությանը մերձդնեստրյան կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ պայմանավորվածություններ փնտրելու հարցում»,- հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ գերատեսչության կայքում հեռարձակված մամլո ասուլիսի ժամանակ։՝ Մոսկվայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցությունների ավարտին։

ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ապրիլին Մոսկվայում կայացած Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը, որին ներկա էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

«Այն ժամանակ շատ լավ հանդիպում է տեղի ունեցել, կենդանի և անկեղծ քննարկում, որի արդյունքներով մի շարք մարդասիրական միջոցառումների իրականացման հեռանկար է ձևավորվել, որոնք կարող են ամրապնդել հակամարտության կարգավորման քաղաքական երկխոսության հեռանկարային հնարավոր մոտեցումները»,-շեշտել է Լավրովը։

«Ներկա պահին ԵԱՀԿ քարտուղարության միջնորդությամբ երկխոսություն է ընթանում հակամարտության կողմերի միջև Ադրբեջանից և Հայաստանից լրագրողների փոխադարձ այցելությունների մասին։ Հույս կա։ Թեև կալանավորված անձանց հետ կապված իրավիճակն այնքան էլ լավատեսական չէ, մենք այնուամենայնիվ կարծում ենք, որ պետք է աշխատել այդ ուղղությամբ»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը: