Դավիթ Սանասարյանի կողմից երեխայի մորը «շանտաժի» մեջ մեղադրելու մասով ևս հարուցվել է քրգործ. armdaily.am

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ նշված գործը մուտք է արվել դատախազությունում, սահմանված կարգով այն կուղարկվի նախաքննության

Այսօր armdaily.am- գրել էր, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր էին նախապատրաստվում։

ArmDaily.am-ի հարցին ի պատասխան ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ քիչ առաջ 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու մասին հաղորդման հիման վրա ստեղծված նյութերով ՃՈ հետաքննիչի կողմից հարուցվել է քր.գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով: Հարուցված քրեական գործն ուղարկվել է դատախազություն:

Մեզ հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ նշված գործը մուտք է արվել դատախազությունում, սահմանված կարգով այն կուղարկվի նախաքննության։

Անդրադառնալով Դավիթ Սանասարյանի կողմից երեխայի մորը «շանտաժի» մեջ մեղադրելու մասին մամուլի հրապարակումների մասին հարցին՝ Աբրահամյանը նշեց, որ այդ մասով ևս հարուցվել է քրեական գործ. «ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով առանձին քրեական գործ է հարուցվել մամուլի այն հրապարակումների առթիվ, համաձայն որոնց Դավիթ Սանասարյանը երեխայի մորը մեղադրում է իրեն «շանտաժի» ենթարկելու մեջ: Նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել առ այն, որ երեխայի մայրը հեռախոսազրույցի ընթացքում Դ. Ս-ից պահանջել է գումար՝ սպառնալով, որ այն չտալու դեպքում նրա վերաբերյալ արատավորող տեղեկություն կհրապարակի: Քրեական գործը դատախազությունից ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտե նախաքննություն իրականացնելու հանձնարարությամբ»:

Աբրահամյանը նաև հավելեց, որ երկու գործերով իրականացվելիք լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ կպարզվեն դեպքերի բոլոր հանգամանքները և իրավական գնահատականներ կտրվեն դրանց առնչություն ունեցող բոլոր անձանց գործողություններին:

armdaily.am