Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը նախատեսում է ստեղծել օնլայն հեռուստաալիք

Այս մասին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում ասաց խորհրդի նախագահ Արա Շիրինյանը

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը նախատեսում է ստեղծել օնլայն հեռուստաալիք, որի համար ներկայացրել է 102 մլն դրամի հայտ: Այս մասին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում ասաց խորհրդի նախագահ Արա Շիրինյանը:

«Բյուջեով հայտարարել էինք, որ հաջորդ տարվա համար նախատեսում ենք օնլայն հեռուստաալիք ունենալ, և ներկայացրել էինք ևս 102 մլն դրամի հայտ: Այն այս պահին ոչ մերժվել, ոչ հաստատվել է, և մենք դեռ սպասում ենք»,- ասաց Շիրինյանը:

Տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, մանկապատանեկան և հանրության համար նշանակալի այլ տեղեկատվական բնույթի հաղորդումների արտադրությունն ու հեռարձակումն ապահովելու համար բյուջեով նախատեսվում է ծախսել 7 մլրդ 396 մլն 131 հազար դրամ: Բյուջետային ծախսային ծրագրի հաջորդ կետը՝ Հանրային հեռուստառադիոընկերության կառավարման, համակարգման ու մոնիտորինգի համար նախատեսում 146 մլն 864 հազար դրամ` նախորդ տարվա համեմատ մոտ 3.5 մլն դրամով պակաս: Հեռուստատեսային ծառայությունների համար, որը նախատեսում է հեռուստատեսային հաղորդումների պատրաստում և հեռարձակում, բյուջեով նախատեսվում է ծախսել 5 մլրդ 953 մլն 300 հազար դրամ, որը նույնպես 25 մլն դրամով պակաս է նախորդ տարվա ծախսածից: Ռադիոհաղորդումների պատրաստման ու հեռարձակման համար նախատեսվում է ծախսել 942 մլն 364 հազար դրամ:

Հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման համար խորհուրդը նախատեսում է 100 մլն դրամ հատկացնել: