Քոչարյանը խոստացել է մոտ ապագայում Սերժ Սարգսյանին բերել հարցաքննության

Առաջին ծանրակշիռ «վկան» էր տեսել՝ ոգեւորվել

«Հրապարակ»-ը գրում է. Մենք գրել էինք, որ «Իմ քայլի» վերջին նիստերից մեկում Անդրանիկ Քոչարյանից լուրջ դժգոհություններ էին հայտնել, մասնավորապես ապրիլյան պատերազմի հանձնաժողովի մասով։ Դժգոհության պատճառներից մեկը կապված է վարչապետի խորհրդական,  ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ։ Բանն այն է, որ հանձնաժողովը նրան «հարցաքննության» է կանչել, եւ Քոչարյանը, ազարտի մեջ ընկնելով, Կարապետյանին ընդհուպ վիրավորական հարցեր է տվել։

«Առաջին ծանրակշիռ «վկան» էր տեսել՝ ոգեւորվել»,- ասաց հանձնաժողովի մեր աղբյուրը։ Կարապետյանը բողոքել է Նիկոլ Փաշինյանին, ասել, որ ինքն արժանի չէ նման վերաբերմունքի, եւ որ յուրայինների հետ չի կարելի այդկերպ վարվել։ Փաշինյանն էլ Մակունցին է հորդորել «կարգի հրավիրել» Քոչարյանին։ Վերջինիս նախատել են, թե՝ ուրիշների վրա ուժդ չի պատում, չես կարողանում մարդ բերել, յուրայինների վրա՞ ես ուժդ ցուցադրում։ Քոչարյանը խոստացել է մոտ ապագայում Սերժ Սարգսյանին բերել հարցաքննության։