Սփյուռքում վերջին 40 տարիների ընթացքում փակվել է 226 հայկական դպրոց․ այս խնդիրը մեծացնում է ուծացման հավանականությունը։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գրող, հրապարակախոս, բարերար Հովսեփ Նալբանդյանը։
«Պատճառները տարբեր են` սկսած աշխարհաքաղաքական խնդիրներից մինչև սփյուռքում կատարվում է ներքին միգրացիա։ Հայերը գնում են մի երկիր, չեն հարմարվում միջավայրին, ասում են՝ զավակս թող հայկական կրթություն չստանա, անգլերեն կամ ֆրանսերեն սովորի, մենք, միևնույն է, տանը հայերեն ենք խոսում։ Այսպես՝ կամաց-կամաց կանգնում են ձուլման խնդրի առաջ»։
Նալբանդյանի խոսքով՝ պետք է ստեղծել համահայկական հիմնադրամ՝ փրկելու հայկական դպրոցները փակվելուց.
«Ցավոք բարեսիրական կազմակերպությունները մինչև օրս դեմ են այդ ծրագրին, քանի որ ամեն մեկն իր անձնական շահն ու մոտեցումն ունի»:
Նալբանդյանը Հայաստան-սփյուռք հարաբերությունների մասին խոսելիս վկայակոչում է իսրայելական փորձը, նշում է՝ հրեական դաստիարակությունը սկսում է ընտանիքից․
«Չկա մի հրեա, որն ԱՄՆ-ում չգնա իսրայելական դպրոց, չսովորի լեզուն ու չառնչվի հրեական մշակույթի ու ավանդույթների հետ։ Հարգելով Պետության աշխատանքը, այսօր նաև Զարեհ Սինանյանի աշխատանքը՝ պետք է ասեմ. երբ իրենք ասում են՝ մենք թիկունք ենք կանգնում Սփյուռքին, հարց է առաջանում՝ ինչո՞վ եք թիկունք կանգնում։ Հայապահպանությունը խաղալիք բան չէ։ Բարի կամքը բավական չէ»:
Հովսեփ Նալբանդյանը նաև դժգոհություն հայտնեց, որ Սփյուռքում հայապահպանության ուղղությամբ հսկայական աշխատանք տարած մարդիկ Հայաստանի իշխանությունների կողմից այսօր չեն արժանանում ուշադրության․
«ՀՀ-ում բարձր մակարդակով ընդունելություն ստացած հայազգի աստղերը ՀՀ-ից գնալուն պես մոռանում են խոստումները, իսկ մեզ, որ հայապահպանության համար հսկայական աշխատանք ենք կատարում, ոչ ոք չի ընդունում»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինակ Քրիստինա Բոյաջյան
0Comments