«Կռիվ կինո». Ոստիկանները հետապնդել ու բռնել են «Մերսեդեսը» փախցրած տղամարդուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մասիսի քրեական հետախույզները փախցված մեքենան թարմ հետքերով հայտնաբերելու նպատակով կողմնորոշումներ ուղարկեցին տարածքային ստորաբաժանումների գործընկերներին

Հոկտեմբերի 28-ի գիշերը ոստիկանության Մասիսի բաժնում 40-ամյա մի տղամարդ հաղորդում տվեց, որ մեքենան կանգնեցրել է Արգավանդ գյուղի կենտրոնական փողոցում, մտել խանութ, իսկ արդեն դուրս գալիս տեսել է, որ «Մերսեդեսը» գողացել են։ Մեքենայի դռները բաց են եղել, բանալին էլ՝ սրահում։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Մասիսի քրեական հետախույզները փախցված մեքենան թարմ հետքերով հայտնաբերելու նպատակով կողմնորոշումներ ուղարկեցին տարածքային ստորաբաժանումների գործընկերներին, ինչպես նաև ճանապարհային ոստիկաններին։ Հայտարարվեց ավտոհետախուզում։

Դեպքից ժամեր անց՝ հոկտեմբերի լույս 29-ի գիշերը «Մերսեդեսը» հայտնվեց Դիլիջանի ոլորաններում ուժեղացված ծառայություն իրականցրած Դիլիջանի բաժնի աշխատակիցների և ճանապարհային ոստիկանների տեսադաշտում։ Վարորդը, չենթարկվելով ճանապարհային ոստիկանների՝ մեքենան կանգնեցնելու վերաբերյալ օրինական պահանջներին, դիմեց փախուստի։ Ոստիկանները հետապնդեցին։

Ի վերջո, ոստիկանության ծառայողները հարկադրաբար կանգնեցրեցին «Մերսեդեսը» և վարորդին բերման ենթարկվեց ոստիկանության Դիլիջանի բաժին։ Վանաձորի բնակիչ, 31-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն։

Դեպքի վերաբերյալ ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստված նյութերն ու «Մերսեդեսը» հանձնվել են Մասիսի բաժին, որտեղ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է կատարվում։