Նոր ինքնաթիռ՝ Նիկոլ Փաշինյանի համար

Աղաջանյանի խոսքով՝ ինքնաթիռը, որը սպասարկում է վարչապետին, տեխնիկապես չի կարող հատել օվկիանոսը, ինքնաթիռը վաղուց արդեն բավական հին է եւ չի համապատասխանում որոշ ստանդարտների

Հայաստանի վարչապետի աշխատակազմը դիտարկում է նոր ինքնաթիռի ձեռքբերման հնարավորությունը կառավարության ղեկավարին սպասարկելու համար։ Այս մասին խորհրդարանում 2020 թվականի պետբյուջեի նախնական քննարկումների ժամանակ ասաց Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցերին։

Աղաջանյանի խոսքով՝ ինքնաթիռը, որը սպասարկում է վարչապետին, տեխնիկապես չի կարող հատել օվկիանոսը, ինքնաթիռը վաղուց արդեն բավական հին է եւ չի համապատասխանում որոշ ստանդարտների. «Ես այդ հարցը քննարկել եմ Հայաստանի վարչապետի խորհրդական Հակոբ Չախարյանի հետ, որն օդաչու է։ Նախ, Չախարյանի խոսքով՝ դա մեզ վրա միլիոնավոր դոլարներ կնստի։ Մենք նաեւ խնդիր ունենք՝ կապված այն բանի հետ, որ մեր օդաչուները տրանսատլանտյան չվերթներ կատարելու արտոնագիր չունեն։ Բայց մենք դիտարկում ենք նոր ինքնաթիռ գնելու հնարավորությունը»,- ասաց Աղաջանյանը։