Հույս կա, կա լուծում կյանքի դատարկության, ունայնության և տխրության համար

Տրտմությունը և հուսահատությունը խուսափում են ամուր հավատք ունեցող մարդուց

Տխրությունն ունի տարբեր անվանումներ, ինչպես՝ թախիծ, վիշտ, ցավ, կսկիծ և այլն: Երբեմն հուսահատությունը շփոթում ենք տխրության հետ, սակայն իրականում դրանք տարբեր հոգեվիճակներ են: Այս կյանքում չկա այնպիսի մարդ, որ տխրությունը շրջանցի:

Մենք բոլորս ունենք մեր հուսահատության և հիասթափության պահերը, և բնական է, որ չենք կարող անտարբեր լինել կյանքի ծանր ցնցումների և փորձությունների հանդեպ: Առաջին հերթին մեր էմոցիաները մեզ օգնում են տանել սթրեսները, երկրորդ՝ ուժերը կենտրոնացնել դժվարությունները հաղթահարելու համար, մղել մեզ որոշակի գործողությունների:

Երբեմն տխրությունը գալիս է այն մտածելակերպից, թե այս աշխարհը որքան վատն է մեր պատկերացրած աշխարհից։ Այո, կյանքը, երբեմն, կարող է դժվար լինել։

Հաճախ մեզ մոտ լինում է այն գիտակցումը, որ այս կյանքն ունայն է և զուրկ իմաստից: Այսկերպ մտածում ենք այն պահին, երբ թախիծը պատում է մեզ, տխրությունը հագեցնում է մեր օրը, երբ ողբերգությունն ու անարդարությունը մտնում են մեր շրջապատ, երբ մենք քայլում ենք մեր անհատական և միայնակ դժբախտության ճանապարհով, և ցավը խախտում է մեր հանգստությունը:

Այն անձը, ով ուզում է ազատվել տրտմությունից, պետք է սովորի տեսնել յուրաքանչյուր պահի իմաստավորումը և ուրախություն՝ յուրաքանչյուր ակնթարթի մեջ: Կարողանա դրականը տեսնել յուրաքանչյուր օրվա մեջ, իսկ լավն այն է, որ հույս կա։ Կա լուծում կյանքի դատարկության, ունայնության և տխրության համար։ Կա լուծում, նույնիսկ, ամենախորը հուսահատության և հիասթափության համար:

Տրտմությունը և հուսահատությունը խուսափում են ամուր հավատք ունեցող մարդուց: Սրանք արմատներ են ձգում այն մարդու հոգում, ով կենտրոնացած է այս աշխարհի, այլ ոչ թե Աստծո Արքայության վրա: Երբ մարդիկ կենտրոնանում են նյութական արժեքների, հոգսերի վրա, ապա այդպիսի տրտմությունը կարող է հիվանդագին դառնալ:

Հիշեք, երբ մեր կյանքի նպատակը դառնում է Աստծո հետ լինելը և Նրան մոտենալը, այդ լույսի մեջ աշխարհի տխրությունը և հատկապես հուսահատությունն այլևս տեղ չունեն:

 

Մարիետտա Խաչատրյան

qahana.am