ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆինանսական միջոցների օրինականությունն ստուգելու վերաբերյալ Վարդուհի Իշխանյանի հրապարակային դիմումին Դատախազությունն ընթացք չի տվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Դատախազությունից։
Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը հրապարակավ դիմել է դատախազությանը՝ առաջարկելով ստուգելու Արման Բաբաջանյանի ֆինանսական աղբյուրները։
«Դիմում եմ դատախազությանը, թող պարզի Բաբաջանյանի ֆինանսական աղբյուրները,որտեղից են շքեղ տունը, հարուստ ԶԼՄ-ն։ Դիմում եմ ԱԱԾ-ին, որ պարզի Բաբաջանյանի կապը օտարերկրյա ծառայությունների հետ։Եվ ուզում նաև պարզել, թե ինչպես եղավ , որ Բաբաջանյանը ու Հունանյանը 1998-ին աշխատել են միասին Կարեն Դեմիրճյանի շտաբում։ Ծիծաղում է նա,ով վերջինն է ծիծաղում ․․»,- ֆեյսբուքում նշել է նա։
«Փաստինֆո»-ն դիմեց դատախազություն՝ պարզելու, թե արդյոք մամուլի մշտադիտարկման արդյունքում տվյալ հրապարակմանն ընթացք տրվել է, արդյոք հանձնարարվել է քննչական կամ օպերատիվ մարմիններին՝ ստուգելու հրապարակային դիմումի մեջ նշված հանգամանքները։
«Ֆեյսբուքյան գրառմամբ դատախազությանն ուղղված տիկին Իշխանյանի հրապարակային կոչը որևէ տվյալ չի պարունակում հնարավոր հանցավոր դրսևորումների, գույքի կամ ֆինանսական միջոցների ապօրինի ձեռքբերման մասին: Իսկ ՀՀ դատախազությունն առանց օրենքով նախատեսված հիմքի և առիթի որևէ անձի ֆինանսական աղբյուրները, գույքի ձեռքբերման հիմքերն ու օրինականությունն ստուգելու կամ նման գործընթաց նախաձեռնելու իրավասություն չունի»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-երի հետ կապի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նշենք, որ դատախազությունն այսօր ընթացք տվել էր Արման Բաբաջանյանի՝ ահաբեկիչ, հոգեմետ դեղեր օգտագործող Նաիրի Հունանյանի հետ հանդիպման մասին հայտարարությունների մասին մամուլի հրապարակումներին եւ ուղարկել ԱԱԾ՝ թերեւս «Հոկտիեմբերի 27»-ի անջատված մասով վարույթը վերսկսելու հիմքեր ստեղծելու համար։
Ի դեպ, նշենք, որ Վ.Իշխանյանի նույն գրառման համաձայն՝ Արման Բաբաջանյանը Նաիրի Հունանյանի հետ միասին է աշխատել Կարեն Դեմիրճյանի նախընտրական շտաբում։
Աղբյուր` Փաստինֆո
0Comments