Անհասկանալի է՝ 2 տարի այդ երիտասարդը ինչ է արել. նա պարալիզացրել է այդ կառույցի գործունեությունը. Միջազգայնագետը՝ ԱԽ քարտուղարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը» թեմայով քննարկմանը ներկա էին միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, իրանագետ Վարդան Ոսկանյանը և այլ փորձագետներ

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնը կազմակերպել է պանելային քննարկում`   «Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը» թեմայով: Քննարկման մասնակիցներն են՝ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, իրանագետ Վարդան Ոսկանյան, քաղաքական մեկնաբան Կարեն Բեքարյան, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

Բանախոսներն անդրադարձան Հայաստանի հայեցակարգերին, արտաքին քաղաքական ռազմավարություններին: Իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատեց, որ Հայաստանը չունի Մերձավոր Արևելքի վերաբերյալ մշակված քաղաքականություն: «Մենք նույնիսկ եզրաբանություն չունենք, որևէ մեկը չի կարող ասել, թե Պարսից ծով պետք է կոչենք այս աշխարհագրական միավորը, թե Ծոց պետք է կոչենք»-ասաց նա:

Իրանագետն ահազանգեց, որ հայերի թվաքանակը Մերձավոր Արևելքում քչանում է, արտահոսքը շարունակական բնույթ է կրում և, ըստ էության, կորցնում ենք այնտեղի հայ համայնքները: «Մենք պետք է ունենանք Հայաստան-Մերձավոր Արևելք հայեցակարգ, սակայն մենք նույնիսկ օպերատիվ իրավիճակային կառավարման հմտություններ չունենք»,-ասաց նա:

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ավելացրեց, որ մենք գլոբալ առումով որևէ ուղղությամբ ռազմավարություն չունենք: «Չկա պետական հիմնարկ, որը կասի՝ եթե ԱՄՆ-Իրան բախում լինի, ինչ ենք անելու: Մենք չունենք ազգային անվտանգության ռազմավարություն, անհասկանալի է երկու տարի է այդ երիտասարդը ինչ է արել, երկու տարի նա պարալիզացրել է այդ կառույցի գործունեությունը՝ իր էությամբ, այնինչ կառույցը շատ կարևոր է: Մենք անվտանգության խորհուրդ չունենք, եթե գլոբալ առումով չունենք ռազմավարություն, թե ո՞ւր ենք գնում, որո՞նք են մեր սպառնալիքները,  ովքե՞ր են մեր թշնամիները»,-ասաց նա:

Սուրեն Սարգսյանը նշեց նաև, որ մենք Պակիստանի վերաբերյալ անգամ դիրքորոշում չունենք՝ հիմա այն թշնամի պետություն է, թե ոչ. այդ պետությունն ասում է, որ Հայաստան անունով պետություն գոյություն չունի:

«Հայաստանում ուղեղային կենտրոններ, վերլուծականներ, իհարկե, կան, բայց մեզ մոտ մշակույթը զարգացած չէ, որ պետությունը համագործակցի նրանց հետ, նույնիսկ էքսպերտների հետ չի համագործակցում: Պետական հիմնարկ կա, որ ասում է՝ էքսպերտներին պետք է քշել, էքսպերտները կարող են ձեզ քշել, դուք չեք կարող քշել»,-ասաց նա:

Միջազգայնագետը նշեց, որ ռազմավարությունների բացակայությունը ազգային անվտանգության լուրջ սպառնալիք է: «Այդ առումով խնդիր ունի երկիրը, այս երկրում կան մարդիկ, որ ասում են Ադրբեջանը շատ լավ գիտեն, բայց պետական համակարգում նման մարդիկ չկան»,-ասաց նա և նկատեց, որ պետական կառույցներում էքսպերտներից բարդույթավորվում են, քանի որ նրանք ավելի շատ բան գիտեն:

ՀեղինակԼիանա Առաքելյան