Գդալ-կարտոֆիլ. ռուսաստանցի գիտնականները ստեղծել են մեկանգամյա սպասք օսլայից

Օսլայի հիմքով նյութի անվտանգության մասին է վկայում թեկուզեւ այն փաստը, որ նրանից պատրաստված մեկանգամյա սպասքը կարելի է ուտել

Լիովին կենսաքայքայվող պլաստիկատիպ նյութը, որի հիմքում սովորական օսլան է (հացահատիկային կամ կարտոֆիլի), ստեղծել են Ռուսաստանի Դաշնության գիտնականները։ «Իզվեստիայի» տվյալներով՝ խոսքը մեկանգամյա օգտագործման սպասք պատրաստելու նյութի մասին է, որը կարելի է ուտել օգտագործելուց հետո։

Բիոպլաստիկը, որն արտասահմանում արտադրվում է հատուկ մանրէների օգնությամբ, առայժմ շատ թանկ է։ Ներմուծվող կենսաքայքայվող նյութերի եւս մեկ թերությունն այն է, որ դրանց արտադրության ժամանակ օգտագործվում են կոնցենտրացված թթուներ, որոնք կարող են վնաս հասցնել շրջակա միջավայրին։

Ռուսաստանում մտածել են ստեղծել բիոպլաստիկի արտադրության այլընտրանքային տեխնոլոգիաներ եւ ուշադրություն են դարձրել օսլայի վրա։ Պարզվել է, որ այդ հումքը հիանալիորեն հարմար է շրջակա միջավայրի համար անվնաս նյութերի պատրաստման համար, եթե այն հատուկ մշակման ենթարկվի ուլտրաձայնի օգնությամբ։ «Մենք նյութն ընկղմում ենք բուսական պոլիմերների լուծույթի մեջ, հետո ենթարկում ենք այն ջերմային ազդեցության։ Օսլան արդյունքում ձեռք է բերում մեզ անհրաժեշտ հատկություններ»,- ասում է Արտյոմ Մալինինը՝ Հարավուրալյան պետական համալսարանի «Սննդային եւ կենսատեխնոլոգիաներ» ամբիոնի մագիստրանտը։

Ուլտրաձայնի կիրառումը թույլ է տվել ռուսաստանցի գիտնականներին հրաժարվել վտանգավոր քիմիկատների օգտագործումից նոր կենսաքայքայվող նյութը պատրաստելիս։ Օսլայի հիմքով նյութի անվտանգության մասին է վկայում թեկուզեւ այն փաստը, որ նրանից պատրաստված մեկանգամյա սպասքը կարելի է ուտել։