«Պետք է ինչ-որ ձևով վերականգնեի կարգապահությունը». թուրք մարզիչի պարզաբանումը ապտակներ հասցնելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տեսանյութը մեծ դժգոհություն է առաջացրել օգտատերերի շրջանում, նրանք դատապարտել են տեղի ունեցածը, որոշները կոչ են արել դադարեցնել մարզչի լիազորությունները

Թուրքական և ռուսական համացանցային տիրույթում տեսանյութ է տարածվել, որում Թուրքիայի երիտասարդական ակումբներից մեկի մարզիչ Հալիթ Քյուրթը վատ խաղի համար ապտակում է ֆուտբոլիստներին ու հայհոյում: Այս մասին տեղեկացնում է haberturk.com կայքը:

Մարզիչը պարզաբանել է իրավիճակը: Ըստ նրա՝ հրապարակված տեսանյութը երեք մրցաշրջան առաջ տեղի ունեցած խաղից է:

«Մենք ընդմիջմանը հանդերձարան գնացինք, այդ ժամանակ պարտվում էինք 3:1 հաշվով: Ես պետք է ինչ-որ կերպ խառնվեի իրավիճակին և ընտրեցի այդ տարբերակը: Արդյունքում մենք հաղթեցինք խաղը 5:3 հաշվով: Մարզիչը պետք է պատժամիջոցների միջոցով կարգապահություն հաստատի, և դա այդ պատժամիջոցներից մեկն է: Մարզման ժամանակ որպես պատիժ մարզիչը կարող է լրացուցիչ շրջան վազեցնել ֆուտբոլիստին, սակայն մրցման ժամանակ դա հնարավոր չէ: Պետք է այլ կերպ վերականգնել կարգապահությունը: Իմ ու իմ սաների միջև ընտանեկան ջերմությամբ հաստատված հարաբերություններ են, և նրանցից ոչ ոք դեռևս չի բողոքել իմ նման կերպ վարվելուց: Ժամանակին նույնիսկ Ալեքս Ֆերգյուսոնն է ապտակել Դևիդ Բեքհեմին»,- ասել է մարզիչը:

Տեսանյութը մեծ դժգոհություն է առաջացրել օգտատերերի շրջանում։ Նրանք դատապարտել են տեղի ունեցածը, որոշները կոչ են արել դադարեցնել մարզչի լիազորությունները և հեռացնել նրան ֆուտբոլից։