Հելոուինի տոնին ընդառաջ ՆԱՍԱ-ն հրապարակել է արևի՝ դդմի տեսք ունեցող լուսանկարը

«Այստեղ պատկերված են ուլտրամանուշակագույն երկու հզոր ալիքներ, որոնք ներկված են ոսկեգույն և դեղին գույներով, որոնք էլ ստեղծում են հելոուինյան տրամադրություն»,- ասված է ՆԱՍԱ-ի հայտարարության մեջ
արև

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) անցած կիրակի, Հելոուինի տոնով ոգեշնչված, հրապարակել է արևի՝ դդմի տեսք ունեցող լուսանկարը, գրում է Fox News-ը:

Հեռուստաալիքի կայքի հաղորդմամբ՝ լուսանկարն արվել է 2014 թվականին Արեգակնային դինամիկայի աստղադիտարանի արբանյակի միջոցով: Լուսանկարում վառ արտահայտված ցոլքերն ուլտրամանուշակագույն ճառագայթներն են:

«Դրանք ինտենսիվ ու բարդ մագնիսական դաշտեր են, որոնք ծածկել են արևի մթնոլորտը: Այստեղ պատկերված են ուլտրամանուշակագույն երկու հզոր ալիքներ, որոնք ներկված են ոսկեգույն և դեղին գույներով, որոնք էլ ստեղծում են հելոուինյան տրամադրություն»,- ասված է ՆԱՍԱ-ի հայտարարության մեջ: