Արթուր Վանեցյանը չի ձերբակալվի, ո՞վ է տարածում այդ ստահոդ լուրերը. Էդուարդ Մարտիրոսյան

Արթուր Վանեցյանի հետ դա կապված չէ, ուղղակի ՊՎԾ-ն իր գործառույթների շրջանակներում ուսումնասիրում է մեր ֆինանսական գործողությունները մոտ 2 տարվա կտրվածքով

ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը հերքեց մամուլի հրապարակումները, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ գործեր են նախապատրաստվում:

Այսօր Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք ճիշտ են տեղեկությունները, թե Արթուր Վանեցյանի  հետ կապված քրգործեր են նախապատրաստվում, արդյոք նա կկալանավորվի, Էդուարդ Մարտիրոսյանը բոլոր հարցերին միայն մեկ բառով պատասխանեց. «Ո՛չ»:

Դիտարկմանը,  թե ԱԱԾ նախկին տնօրենը չի՞ ձերբակալվելու, նա պատասխանեց. «Պետք չէ ստահոդ լուրեր տարածել, ո՞վ է տարածում այդ լուրերը,  ի՞նչ ձերբակալելու մասին է խոսքը»։

Անդրադառնալով  ԱԱԾ-ում Պետական վերահսկողական ծառայությունում անցկացվող ստուգումներին՝ Էդուարդ  Մարտիրոսյանը նշեց, որ ՊՎԾ-ն իր հերթական ստուգումներն է իրականացնում, առաջիկայում դրա վերաբերյալ կլինի  տեղեկատվություն։

Դիտարկմանը՝  ստուգումները վերաբերում են Վանեցյանի ղեկավարման ժամանակահատվածին, վերջինս պատասխանեց. «Արթուր Վանեցյանի հետ դա կապված չէ, ուղղակի ՊՎԾ-ն իր գործառույթների շրջանակներում ուսումնասիրում է մեր ֆինանսական գործողությունները մոտ 2 տարվա կտրվածքով», - ասաց նա:

Լրագրողները նաև հարցրեցին՝  եթե իրեն առաջարկվի զբաղեցնել ԱԱԾ տնօրենի պաշտոնը, կհամաձայնի՞, Էդուարդ Մարտիրոսյանն ասաց, որ ոչ մի քննարկում չի եղել. «Այս պահին ես ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողն եմ և պետք է անեմ այն ամենը, ինչ իմ վրա դրված է»։

Նա միաժամանակ նշեց, որ երբ առաջարկություն կլինի, այդ ժամանակ կխոսեն: