Մինչև 800 հազար դրամի տուգանք՝ աղբահանության կանոնները խախտելու համար

Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` 100․000 – 200․000 դրամի չափով

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել, որի վերաբերյալ ընդունված օրենքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է սեպտեմբերի 30-ին։ Հոկտեմբերի 14-ին այն ուժի մեջ է մտել։
1. Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` 100․000 – 200․000 դրամի չափով:
2. Սույն հոդվածով նախատեսված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 200․000 – 300․000 դրամի չափով:
2.1 Առանց աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագրի աղբը տեղափոխելը և հեռացնելը (թափելը) կամ պայմանագրով սահմանված վայրից (տեղից) դուրս աղբը հեռացնելը (թափելը)`առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ` 100․000-150․000 դրամի չափով:
2.2. Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելը մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ` 150․000-200․000 դրամի չափով:
2.3. Աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձի կողմից համայնքի ղեկավարին շինություններում (այդ թվում` առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում) և շինություններից դուրս ծառայությունների մատուցման վայրերում գործունեության տեսակի, ինչպես նաև մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ սխալ տեղեկատվություն ներկայացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ` 200․000 – 300․000 դրամի չափով:
2.4. Սույն հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ` 500․000 – 800․000 դրամի չափով:
3. Չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս`
1) մինչև մեկ խորանարդ մետր ծավալով սպառման աղբ թափելը` առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` 80․000-100․000 դրամի չափով.
2) մեկ խորանարդ մետրից ավելի ծավալով սպառման աղբ թափելը` առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` 150․000 – 200․000 դրամի չափով:
3) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված արարքը կատարելը բնակելի, հասարակական կամ այլ նշանակության շենքերից կամ այլ շինություններից` առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` 100․000 – 150․000 դրամի չափով:
4) խոշոր եզրաչափի աղբ (երկու և ավելի քառակուսի մետր զբաղեցնող խոշոր կենցաղային և ոչ կենցաղային սարքավորումներ, այդ թվում` տրանսպորտային միջոցի հենասարք, թափք, մետաղական ջարդոն, էլեկտրատեխնիկական սարքավորումներ կամ այլ նմանատիպ իրեր) թափելը` առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` 200․000 – 300․000 դրամի չափով:
5) մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ, էլեկտրալամպեր, էլեկտրոնային ապրանքներ, գրաֆիտային էլեկտրոդներ թափելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 20․000 – 30․000 դրամի չափով:
6) մինչև 5 անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողի)` առաջացնում է տուգանքի նշանակում` 20․000 – 30․000 դրամի չափով:
7) 5-ից ավելի անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողի)` առաջացնում է տուգանքի նշանակում` 100․000 դրամի չափով:
 մինչև մեկ խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը` առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` 60․000 – 80․000 դրամի չափով:
9) մեկից ավելի խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը` առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` 200․000 – 300․000 դրամի չափով:
10) կենսաբանական թափոններ (կենդանական ծագման պարենային և ոչ պարենային հումքի վերամշակումից ստացված թափոններ, ինչպես նաև անասնապահական, թռչնաբուծական և ձկնաբուծական ձեռնարկությունների գործունեության հետևանքով առաջացած թափոններ) թափելը` առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` 100․000 – 200․000 դրամի չափով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումները ջրային համակարգերում, այդ թվում` ոռոգման ջրանցքներում, ինչպես նաև սանիտարական պահպանման գոտիներում կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:
5. Առանց թույլտվության շինարարական կամ խոշոր եզրաչափի աղբի հավաքումը և փոխադրումը` առաջացնում են տուգանք` նվազագույն աշխատավարձի 100․000 – 200․000 դրամի չափով:
6. Շինարարական աղբը համայնքի ղեկավարի սահմանած երթուղով չտեղափոխելը կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելը` առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ` 30․000 – 50․000 դրամի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` 50․000 – 80․000 դրամի չափով:
7. Տրանսպորտային միջոցից աղբ նետելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 25․000 դրամի չափով։
8. Հիսուն տոննա և ավելի սպառման թափոնների ժամանակավոր պահեստարանի կազմակերպումն ու շահագործումն առանց համապատասխան թույլտվության` առաջացնում են տուգանքի նշանակում` 300․000 – 400․000 դրամի չափով:
9. Աղբավայրերի և թափոնների փոխաբեռնման կայանների կազմակերպումն ու շահագործումն առանց համապատասխան թույլտվության`առաջացնում են տուգանքի նշանակում` 400․000 դրամի չափով:
10. Սույն հոդվածի 3-8-րդ մասերով սահմանված իրավախախտումները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:
11. Սույն հոդվածի 3-8-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումները բնության հատուկ պահպանվող և (կամ) մշակութային և բնության ժառանգության տարածքներում կատարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:
12. Եթե սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից վարչական իրավախախտումը հայտնաբերվելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է վարչական իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված վարչական տույժը կատարելու պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնում է համապատասխան ապացույց (լուսանկար, տեսաերիզ, համատեղ այցելություն համապատասխան վայր): Այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է վարչական իրավախախտումը կատարած անձին: